ՀՔԾ նախկին պետը Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից զանգեր ստացե՞լ է. մարտի 1-ի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Հունիսի 12-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին, հայտնել էր, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է:
Ի դեպ, մինչ թավշյա հեղափոխությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադարձություններին», ՀՔԾ-ի կողմից կցվեց քրեական գործին:

Ավելին` դեպքերի մասով ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր. «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքննությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտությունների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի գործով իրականացվող լայնածավալ աշխատանքների, ինչպես նաեւ մտավախությունների մասին զրուցեց ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ:

-Պարո՛ն Միրզոյան, ինչպես նկատում եք, մարտի 1-ի գործով այս օրերին լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Որպես ՀՔԾ նախկին պետ` ի՞նչն էր խանգարում Ձեզ դեռեւս 10 տարի առաջ այս աղմկահարույց սպանությունների գործը բացահայտել:

-Իսկ ի՞նչն է խանգարում՝ մեր պետության ստեղծման օրից բազմաթիվ հանցագործություններ կան ծանր, որ չեն բացահայտվել:

-Դուք` որպես ՀՔԾ պետ, այս հարցին առավել լավ կարող եք պատասխանել:

-Չէ, գիտեք, ինչո՞ւ եք ասում մարտի 1-ի չբացահայտումը, երբ մենք ունենք սպանություններ չբացահայտված:

-Դուք` որպես ՀՔԾ պետ, այս հարցին առավել լավ կարող եք պատասխանել, ի՞նչն էր խանգարում բացահայտել:

-Որ կարողանային, կբացահայտեին էլի երեւի:

-Այսինքն` նախաքննությունը իրականացնող մարմինը` ի դեմս ՀՔԾ-ի, կարող էր բացահայտել, բայց թույլ չէի՞ն տալիս բացահայտել:

-Ես չեմ հանդիպել ինչ-որ մեկի թույլ չտալուն, անձամբ ես չեմ հանդիպել: Մենք քննչական խմբի ղեկավար ունեինք, հարցրեք` հանդիպե՞լ է: Այդ հարցը կարելի է ուղղել նոր քննչականի պետին, թող աշխատեն, բացահայտեն, հասկանան, թե ինչն է խանգարում, եթե խանգարող բան է եղել:

-Նոր պետը կբացահայտի, կոնկրետ Ձեզ խանգարե՞լ են բացահայտել գործը:

-Ինձ ոչինչ չի խանգարել, չեմ տեսել խանգարող ինչ-որ հանգամանք:

-Խոսքը գնաց նորանշանակ պետի կողմից հնարավոր բացահայտումների մասին, Դուք` որպես ՀՔԾ նախկին պետ, մտավախություն չունե՞ք հայտնվելու ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում, օրինակ՝ աղմկահարույց սպանությունը կոծկելու համար:

-Ծիծաղելու հարց եք տալիս, իհարկե ո՛չ, ես ուրախ կլինեմ, ընդհակառակը, կօժանդակեմ, եթե, իհարկե, կարիքը կա:

-Երբեմն գործի ողջ էությանը տիրապետելով` Ձեզ` որպես ՀՔԾ նախկին պետի, հարց տվե՞լ եք` ո՞վ էր այս ամենի պատասխանատուն` Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, ի վերջո, իրավիճակ է փոխվել:

-Այնքան լավ է, որ իրավիճակ է փոխվել, Ես շատ ուրախ եմ, որ փոխվել է, երեւի ամենաուրախ մարդկանցից մեկը ես եմ, որ իրավիճակ է փոխվել, եւ ուրախ կլինեմ, որ նոր քննչականի պետը կարողանա խմբեր ստեղծել, կազմակերպել, քննություն իրականացնել եւ բացահայտել, ես էլ կասեմ` ինչ լավ է, ու կուրախանամ, ու մենք էլ կիմանանք իրական պատկերը, եթե նման բան կա:

-Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն` Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը:

-Ո՞նց ասեմ, ասեմ` դու ես պատասխանատուն, նա է, նա է: Պետք է մի բան ապացուցես, որ նոր կարողանաս ինչ-որ բան ասել: Այնքան բացահայտ ճշմարտություններ կան, բայց դա չի նշանակում, որ դա է ճիշտը, պետք է ապացուցվի չէ՞: Ես չեմ կարծում, որ կա մեկը, որ շահագրգռված չէր, ես նկատի ունեմ քննչական ծառայության աշխատողները, բոլորն էլ, անձամբ Վահագն Հարությունյանը ղեկավարում էր խումբը, շատ պարտաճանաչ, գիշեր-ցերեկ աշխատում էր: Ես շատ կուզենայի, որ կարողանային բացահայտել, պատրաստ եմ անվճար գնամ, նստեմ այնտեղ, աշխատեմ այդ գործով, ինչի՞ մասին է խոսքը: Եւս մեկ անգամ կրկնում եմ` ինձ համար խանգարող հանգամանք չի եղել, մեզ չեն ասել, օրինակ՝ ո՞վ պետք է ասեր` մի՛ բացահայտեք, հա՞:

-Այո՛, օրինակ՝ Սերժ Սարգսյանը ասեր կամ Ռոբերտ Քոչարյանը:

-Ձեր կարծիքով՝ Ձեր ասած մարդիկ ինձ պետք է զանգահարեին ու ասեին մի՛ բացահայտեք, հա՞

-Ինչո՞ւ, հնարավո՞ր չէ:

-Ի սեր Աստծո, չկա այդպիսի բան:

-Դուք` որպես ՀՔԾ նախկին պետ, «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը ինչո՞ւ չէինք կցել քրեական գործին, խնդիր կա՞ր, որ 10 տարի անց նոր որոշում են զեկույցը միացնել քրեական գործին:

-Ես չգիտեմ, ինչ-որ ասում եք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս