Լոռու մարզի դպրոցները` խնդիրների առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 42 դպրոցներից 2-ն ավագ են, մյուսները` հիմնական: Այս տարածաշրջանի դպրոցներում խնդիրները հիմնականում նույնն են` մասնագետների պակասը եւ դպրոցից համայնք ճանապարհը հաղթահարելը:

Թումանյանը բարդ լեռնային գոտում է գտնվում, ե՛ւ բնակիչներն են տեղափոխվում, ե՛ւ ուսուցիչներն են խուսափում ապրել քաղաքից խիստ տարբերվող պայմաններում: «Ինչո՞ւ պետք է պարտադրված բազմակոնպլեկտ դասարաններ ունենանք, դպրոցը ֆինանսապես ի վիճակի է այդ դասարանները առանձին պահել: Այդպիսի դասարաններում ուսուցումը չի տալիս այն որակը, որն այսօր անհրաժեշտ է: Փոքր դպրոցները խիստ տուժում են, ծնողը ճիշտ է համարում իր երեխային մի քանի կմ ավել տանել, որ առանձին դասարանում սովորի: Թերծանրաբեռնված դասարաններում ուսուցիչը չի ստանա նույն գումարը, բայց հավատացեք, որ մեր ուսուցիչները պատրաստ են աշխատել անգամ աշխատավարձի 50 տոկոսով» ,-ասում է Նեղոցի դպրոցի տնօրեն Արեւիկ Սոսինյանը:

Նույն խնդրին է անդրադառնում Ախթալայի թիվ 1 դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը` ընդգծելով, որ հակասություն կա ֆինանսի եւ գործի մեջ. «Ի՞նչ է նշանակում խնայողություն, պետությունը դպրոցին ֆինանսավորում է ամենանվազագույն սահմանով, որ ապահովի նվազագույն կրթական չափորոշիչը: Եթե այստեղ էլ դպրոցը խնայողություն է անում, ուրեմն հանցագործություն է անում»:

«Երբ դպրոցը չունի համակարգչային սենյակ, համակարգիչ, շենքային մինիմալ պայման : Այս պայմաններում տնօրենը գլուխը որ պատին խփի, որ կարողանա ծրագիր բերել: Պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին»,- ասում է Շամլուղի դպրոցի տնօրեն Սերինե Սոսինյանը` ընդգծելով նպաստավոր պայմաններ ունենալու կարեւորությունը: Լ. Ճիճակյանը պնդում է, որ գյուղերում բազմաթիվ մասնագետների պակաս կա. «Միակ մասնագետը, ով համարձակվել է գալ այդ տարածաշրջանում աշխատել, մտածում է, թե միակն է, եւ աշխատում է, ինչպես որ ցանկանում է: Ու քանի դեռ այդ մարդը չի գիտակցում, որ իր հետեւում կանգնած է մի բանակ, որ կարող է իր տեղում աշխատել, նա պատասխանատու ձեւով չի աշխատի» :

Լորուտը Մոտկոր աշխարհի «մայրաքաղաքն» է: Այստեղ են դպրոցն ավարտում Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների երեխաները: Ոտքով գնալը ժամանակատար եւ վտանգավոր է, իսկ մեքենայի համար միջոցներ են պետք: Լորուտի հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ, անդրադառնալով մասնագետների պակասին, նշեց, թե տարիներով 2 ամիսը մեկ 5000 դրամ ծախսվում է հայտարարության համար, բայց մասնագետ չի գալիս: Վանաձորի պետական համալսարանում ունենք անվճար տեղեր, եթե պետությունը հոգում է նրա ծախսը, նրանք էլ պետք է պարտավորվածություն ունենան: Պետությունը պիտի տեր կանգնի իր տված գումարին եւ նման ուսանողներին գործուղի մասնագետի կարիք ունեցող դպրոցներ :

Նելլի Դավթյան
Լոռի




Լրահոս