Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն արդեն երկու նիստ է անցկացրել: Սակայն դեռ ոչ մի նիստ չի անցկացրել Ազգային ժողովի պատգամավորներից ձևավորված աշխատանքային խումբը. նրանց առաջին նիստը կկայանա հուլիսի 4-ին:
Արդեն իսկ վարչապետին առընթեր խումբն ասել է, որ քննարկումների հիմնական թեման 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը, ինչպես նաև ընտրական շեմի փոփոխությունն է: Այժմ բոլորը փորձում են հասկանալ, թե երբ է հնարավոր իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ինչպես հայտնի է` կառավարության ծրագրով ամրագրված է, որ դրանք պետք է տեղի ունենան առավելագույնը մեկ տարվա ընթացքում: ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերն է տեսնում որպես հավանական ժամկետ, երբ ավարտված կլինեն Ֆրանկոֆոնիայի օրերն ու Երևանի օրվան նվիրված տոնակատարությունները:
Սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, մյուս ուժերը կարծում են, թե այդ ժամկետների մեջ չեն տեղավորվի և որպես հավանական ժամկետ մատնանշում են ապրիլը: