ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

Համաժողովի բացման նիստում իր ելույթում Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ ԵԱՀԿ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության իրավիճակի ձևավորման հիմնական գործոններին, այս առումով առանձնացնելով բաժանարար գծերի վերացման գործում առաջընթացի բացակայությունը, միջազգային բազմակողմ համագործակցության շարունակական հետընթացը և ռազմական հավասարակշռության փոփոխության բացահայտ փորձերը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, շարունակաբար խախտելով սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմը և վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունները, ուժի կիրառելով Լեռնային Ղարաբաղի դեմ և ռազմատենչ հռետորաբանությամբ ի ցույց է դնում իր կողմից խաղաղության հաստատման հանձնառության բացակայության մասին:

Աշոտ Հովակիմյանը մտահոգիչ համարեց ԵԱՀԿ նվազող ներկայությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում` օրինակ բերելով Ադրբեջանի կողմից կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ: Այս համատեքստում նշվեց, որ Ադրբեջանը մերժում է այդ պայմանավորվածությունների իրականացումը, ավելին՝ փորձում է ընդլայնել լարվածության աշխարհագրական ընդգրկումը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում, ուստի ամբողջական պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքների համար:

ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանին ունեցած ելույթում Աշոտ Հովակիմյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության համար հակամարտության բոլոր կողմերի լիակատար ներգրավվածության կարևորությունը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի հաջողության համար: ԱԳ նախարարի տեղակալն այս համատեքստում նշեց, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

ՀՀ պատվիրակությունը ելույթով հանդես եկավ նաև սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության վերակառուցման միջոցներին նվիրված նիստին` մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանին ծանր սպառազինությունների փոխանցման դեպքերին, որոնք տեղի են ունենում ոչ թափանցիկ ձևով և զենքերի արտահանման վերահսկման ռեժիմի խախտումներով՝ անտեսելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումները և ուժի կիրառման սպառնալիքները։




Լրահոս