Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100-րդ հոբելյանի և դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է դատախազության գործող և պաշտոնաթող բոլոր աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Կարելի է պատկերացնել, թե 100 տարի առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում հիմնվում էր դատախազությունը, ինչ էր կատարվում մեր հայրենիքում, երբ գործում էին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանցավոր զինված խմբեր, ովքեր մեր երկրի տարածքում տարատեսակ հանցավոր գործունեություն էին ծավալում, հիմնականում՝ ավազակային գործունեություն:
Բայց կարծում եմ՝ տոնական այս օրը մենք պետք է նաև որոշակի շեշտադրումներ անենք դատախազության 100-ամյա գործունեության կապակցությամբ: Սովորաբար ընդունված է, որ տոնական օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից և գլխավոր դատախազն իր ելույթում այդ ամենի մասին իրավացիորեն խոսեց: Բայց ես ուզում եմ մենք հատկապես այսօր ընդգծենք, որ հարյուր տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձություններից, որոնք մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել են որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Ցավոք, անկախության վերականգումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ որ տոնական բառապաշարով և տոնական տրամադրությամբ են հագեցած եղել:
Մանրամասները՝ տեսանյութում