Նոր բացահայտումներ. ինչպես են պաշտոնյաների ընկերությունները մշտապես հաղթող դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն: Տվյալներն առավել քան ուշագրավ են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2181 հայտարարագրի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ:

Պարզվել է, որ 2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:

Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերևույթ բախման իրավիճակ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Նշված պայմանագրերում թեեւ բացակայել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստորագրությունները, այդուհանդերձ մրցույթների իրականացման եւ հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չպետք է բացառել:

Այսպես, պայմանագրերից 469-ը՝ 66%-ը, կնքվել է առանց հայտարարության, բանակցային ընթացակարգի շրջանակներում: Համադրելով այս ցուցանիշը 2016-2017թթ. կայացած գնումներում նշված ընթացակարգին բաժին ընկնող միջին ցուցանիշի հետ` բացահայտվել է էական տարամիտում, ինչը նրանց գնահատականներով օրինաչափ չէ եւ վկայում է շահերի բախման ռիսկերի մասին: Ընդ որում` մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներին 709 պայմանագրերից բաժին է ընկել 96-ը, երբ փաստաթղթերը հաճախ չեն հրապարակվել:

Ինչպես արդեն նշեցինք, խոսքը 709 պայմանագրի մասին է, եւ դրանցից 99-ում, այսինքն` 14 տոկոսում, բացահայտվել է շահերի առերեւույթ բախման իրավիճակ: Նշված 99 պայմանագրերը պատկանում են մրցույթներում հաղթող ճանաչված 26 կազմակերպությունների:

Ընդ որում` առանձնացվել են հետևյալ կատեգորիաները.

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը մասնակցություն ունի կամ ունեցել է գնման մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությունում (9 կազմակերպություն, 44 պայմանագիր).

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք (ամուսինը, ծնողը, զավակը, քույրը և եղբայրը) մասնակցություն ունեն կամ ունեցել են գնման մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությունում (14 կազմակերպություն, 52 պայմանագիր).

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ նրա ամուսինը աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է ստացել գնման մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությունից (3 կազմակերպություն, 3 պայմանագիր):

Ելնելով այս հանգամանքից` էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014-2017թթ. ժամանակահատվածում գնումների հաղթող ճանաչված այն առեւտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն մասնակցություն: Խոսքը 69 կազմակերպության մասին է: Դրանցից են`

«Ավշարի գինու գործարան» ՍՊԸ (ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյան), «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ  (կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիք), «Արամյանց» բժշկական կենտրոն (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբայր), «Վարդանանց» ԲԿ (առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյան), գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ ի Ջիսերվիս» ՍՊԸ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ (պատգամավոր Աշոտ Արսենյան), «ՍԱՍ» գրուպ (պատգամավոր Արտակ Սարգսյան), ՎԱԲԱ գրուպ (ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան) եւ այլն:

Հավելենք, որ ուսումնասիրության արդյունքներից ելնելով` հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ շահերի բախման գործող օրենսդրական կարգավորումները նեղ են եւ լիարժեք չեն արտացոլում իրական ռիսկերը: Արդյունքում, բազմաթիվ իրավիճակներ չեն նույնականացվում որպես շահերի բախում եւ որեւէ իրավական հետևանք չեն առաջացնում: Ընդ որում` տեղեկացանք, որ այս ուսումնասիրության արդյունքների շուրջ արդեն քննարկումներ են տեղի ունեցել, եւ դրանք ամփոփելուց հետո ՀՀ կառավարություն կներկայացվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս