ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը` Դատախազության 100-ամյակին նվիրված մկջոցառման ժամանակ:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ այս նվիրական օրը ձեր ներկայությամբ պատվելու, մեր ուրախությունն ու հպարտությունը կիսելու համար:
Այսօր պատմական և հիշարժան օր է բոլորիս համար. մեր մասնագիտական տոնը` Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյա տարեդարձին: Եվ լինելով հոբելյանական՝ այն նոր շուք և առանձնակի խորհուրդ ունի:
Այս հոբելյանը համընկնում է նաև երկու, հիրավի, պատմական իրադարձության հետ. քսան տարի առաջ՝ 1998թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որի ընդունման օրը՝ հուլիսի 1-ը, 2003 թվականին՝ 15 տարի առաջ Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեց որպես «Դատախազության աշխատողի օր»:
Մեր ժողովուրդը, Եղեռնից հետո, աննկարագրելի դաժան պայմաններում, կենաց ու մահու գոյապայքար մղելով թուրքական հրոսակների դեմ, կարողացավ վեցդարյա ընդմիջումից հետո վերականգնել Հայոց պետականությունը: Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ստեղծմանը զուգահեռ, Արդարադատության նախարարության կազմում հիմնվեց նաև ՀՀ դատախազությունը, որը ձեռնամուխ եղավ հանցավորության դեմ պայքարին և իրավակարգի պաշտպանության գործին:
Դատախազությունն անցնելով Առաջին հանրապետության, Խորհրդային կարգերի հաստատման, Հայրենական պատերազմի, հետպատերազմյան տարիների, Սպիտակի երկրաշարժի մեծագույն դժվարությունների 100-ամյա ճանապարհ՝ գտնվել է բոլոր ժամանակներում ցավոք արդիական՝ հանցավորության դեմ պայքարի առաջին շարքերում, եղել Ղարաբաղյան ազատագրական պատերազմի համար մղվող պայքարի մասնակիցը: Եվ այդ տարիների ու փորձությունների հորձանուտում կուտակած ահռելի փորձը, ավանդույթները դարձան այն հիմնասյուները, որոնց առանցքի շուրջ կառուցվեց Երրորդ հանրապետության անկախ դատախազության համակարգը:
Դատախազությունը հպարտանում է իր անցած 100-ամյա ճանապարհով, քանի որ մշտապես կրել է պետականության ամրապնդման ու զարգացման, ներքին անվտանգության ապահովման համար կենսականորեն անհրաժեշտ՝ իրավակարգի պահպանության և ամրապնդման, հանցավորության դեմ պայքարելու պատվաբեր առաքելությունը:
Մանրամասները` տեսանյութում: