Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Իրավիճակը վերահսկելի է, նորմալ աշխատանք է ընթանում, անհանգստանալու ոչինչ չկա: Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,- նշեց գլխավոր շտաբի պետը:
ՀՀ զինված ուժերն ի վիճակ են զինծառայողներին ապահովել այն ամենով, ինչ նախատեսված է օրենքով:
«Եթե լինեն դեպքեր, որ այս կամ այն զորամասում ինչ-որ բանով չի ապահովվում զինծառայողը, մենք պատրաստ ենք շատ արագ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու»,- ասաց պաշտոնյան: Նրա խոսքով՝ այս ընթացքում էլ մի քանի ահազանգեր եղել են, բայց 5-ից մեկն է, որ հաստատվել են, ոչ ամբողջ ծավալի, այլ որոշակի խախտումներ, որին օպերատիվ ձևով արձագանքել են:
Արտակ Դավթյանը նաև հավաստիացրեց, որ երկար են պատրաստվել այս զորակոչին, և հուսով են առանց խոչընդոտների ու պատահարների այն կյանքի կոչել: «Ընթացքում էլ, եթե կարիք լինի, պատրաստ ենք շտկումներ իրականացնել»,- ասաց գլխավոր շտաբի պետը: