Որ երկրներ մեկնելուց առաջ է պետք պատվաստվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Առողջապահության նախարությունից տեղեկացրին, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության առումով: Այնտեղ արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով: Խոլերայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին:

Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր: Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք: Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք:

Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում: Դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից: Մինչեւ այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ը մահվան ելքով՝ դիֆթերիային միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդությունների հետեւանքով:

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով, սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում, հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:




Լրահոս