Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի աշխատակիցների՝ տնօրենի հրաժարականի պահանջով գործադուլը կդադարեցվի, սակայն պահանջը նույնն է մնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկներից մեկը:
«Ես մասնակցել եմ գործադուլին: Գործադուլը տևել է 6 օր: Վաղվանից անցնելու ենք մեր գործին, աշխատելու ենք, սակայն պահանջը նույնն է մնում»,-ասաց պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արուսյակ Անիսոնյանն ու հավելեց, որ պատկան մարմինները զբաղվում են այդ գործով:
Աշխատակիցների պահանջը մեկն է՝ գործող տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։ Այսօր՝ հունիսի 2-ին ավելի վաղ պոլիկլինիկա էին այցելել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը: Նրանք հանդիպեցին ինչպես պոլիկլինիկայի բակում հավաքված աշխատակիցների հետ, այնպես էլ տնօրեն Սամվել Սարգսյանի հետ՝ իր աշխատասենյակում: