«Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ « Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնալու մասին։ Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, եւ մեկ ուժի գաղափարն անիրականանալի է։ Հատկապես 2018-ի ապրիլից առաջ տարաձայնությունները սրվեցին։ «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը եւ համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»։ Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ ե՞րբ եք մեկ կուսակցություն դառնալու։ «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում։ Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանության է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանության մեջ եւ վերանայել իրենց դիրքորոշումը։

Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է, որը չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը։ Հեղափոխությունից հետո նախ քննարկվում էր 30/70 հարաբերակցությունը․ նախընտրական ցուցակում 30 տոկոս՝ «ԼՀ» եւ «Հանրապետություն», 70 տոկոս՝ «ՔՊ», ինչին երկու ուժը դեմ են եղել։ Հիմա էլ, մեր տեղեկություններով, «ՔՊ»-ականները 30-ին համաձայն չեն։ Հատկապես «ՔՊ» ներքեւի էշելոնը կտրականապես դեմ է դաշինքով ընտրությունների գնալուն՝ իրենք հաղթել են եւ ուզում են հաղթանակը միայնակ վայելել։ Այնպես որ՝ նոր դաշինքի ձեւավորումն ավելի շատ բարոյական, հոգեբանական հարթության մեջ է, քան ընտրություններում հաղթելու տրամաբանության։

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս