Մի քանի օր է, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բարձրաձայնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքի չի գնում: Նույնն են պնդում նաեւ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները: Ինչպես հայտնի է, ավագանու վերջին նիստին՝ հունիսի 26-ին, քաղաքապետը բացակայում էր, եւ նրա փոխարեն նիստը վարում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց փոխքաղաքապետ Արեյանին դիմել մեկնաբանությունների համար:
«Այսօր աշխատանքի վայրում է եղել քաղաքապետը…. Բոլոր օրերին էլ եղել է: Երեկ էլ է եղել: Քաղաքապետը եղել է իր աշխատանքի վայրում»,- ասաց Արեյանը: Նրա ասած «երեկ»-ը կիրակի էր, հետեւաբար ոչ աշխատանքային: Տարօրինակ է, եթե եկել է աշխատանքի, անգամ, ինչպես պնդում են քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել, ինչո՞ւ լուսանկաներ չեն տարածվում: Բայց Արեյանից այդ հարցի պատասխանը չստացանք. նա շտապել էր անջատել հեռախոսը: