«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարները հանդիպում ունեցան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Արարատում է գտնվում ընկերությանը պատկանող ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մարզպետին ներկայացրեց Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ներդրումային նախագիծը, որն ուղղված է ֆաբրիկայի արտադրական հզորությունների ավելացմանը։ Նախագծի իրականացումը, որի նախապատրաստական աշխատանքները կատարվում են ակտիվ տեմպերով, կնպաստի ֆաբրիկայում աշխատատեղերի ավելացմանը։
«ԳՊՄ Գոլդ» ընկերության ղեկավարները մարզպետին ներկայացրեցին նաև ընկերության սոցիալական ոլորտի ծրագրերը, ինչպես նաև քննարկեցին այդ բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ընթացիկ ծրագրերի թվում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընկերության աջակցությամբ Արարատի մարզի համայնքներից երեխաներին ամառային ճամբարներ ուղարկելու վերաբերյալ։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հետևողական սոցիալական և ենթակառուցվածքների զարգացման աջակցության քաղաքականություն է վարում այն մարզերում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Արարատի մարզում սոցիալական ծրագրերը ուղղված են կրթական ենթակառուցվածքների բարելավմանը, մարդկային պոտենցիալի զարգացմանը, ինչպես նաև տեղի համայնքներում շրջակա միջավայրի պայմանների բարելավմանը։ Որպես սոցիալական պատասխանատվություն ստանձնած ընկերություն «ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է կատարել իր պարտավորությունները ինչպես պետության և տեղական բյուջեների նկատմամբ, այնպես էլ նախաձեռնություն է ցուցաբերում համայնքների սոցիալական զարգացման գործում,- նշեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը։
«Մունիցիպալ իշխանությունների արդյունավետ համագործակցությունը տվյալ համայնքներում աշխատող խոշոր մասնավոր ընկերությունների հետ կնպաստի ռեգիոնի զարգացմանը։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մեր մարզի խոշորագույն ընկերություններից մեկն է, և ես կարծում եմ , որ մեր համագործակցությունը բխում է բոլոր կողմերի շահերից, – նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
ԳեոՊրոՄայնինգ ընկերության ներդրումները Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում կազմում են 150 մլն․դոլար, իսկ աշխատողների թիվը հասնում է 450-ի։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։