Ուշադրություն. սփյուռքի նախարարությունը հայտարարում է «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվել են սահմանված կարգով՝ մինչև հունիսի 30-ը:
Ստացվել է շուրջ 550 հայտ՝ աշխարհի 26 երկրի հայ համայնքներից:

Սա աննախադեպ իրադարձություն է, երբ սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Հետևաբար, «Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք դեռ մեկ ամիս առաջ սկսել ենք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach For Armenia) և «Դեպի Հայք» (Birthright Armenia) կրթական կազմակերպությունների հետ:

Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը: Դասընթացներն անցկացվելու են Հայ-ռուսական համալսարանի հետ: Այսպիսով, Հայ-ռուսական համալսարանը մեզ անվճար հիմունքներով կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, կապահովվեն դասընթացների համար նախատեսված պայմանները, իսկ կրթական գործընթացը կղեկավարեն «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է լինելու՝ մենք սկսել ենք նաև բանակցություններ վարել այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում «Կոնվերս բանկը» և «gg»-ն պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով մեզ:

Մենք բաց ենք նաև նոր առաջարկների համար և ուրախ կլինենք ընդլայնելու մեր թիմը:




Լրահոս