«Էստեղ ուրիշ երևույթ կա». Միքայել Մելքումյանն այցելել է հայտնի միջադեպից տուժած տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր այցելել են «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում ստացող Վյաչեսլավ Հարությունովին, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում ծեծի է ենթարկվել Գագիկ Ծառուկյանի և նրա անվտանգության ղեկավար Էդուարդ Բաբայանի կողմից:

ArmLur.am-ին այցի մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` հավելելով, որ իր կուսակիցների հետ հանդիպել և զրուցել են նաև Հարությունովին բուժող բուժանձնակազմի հետ` հասկանալու համար` առողջական ինչ խնդիրներ ունի տղամարդը:

Միքայել Մելքումյանը ArmLur.am-ին ներկայացրեց որոշ մանրամասներ, որոնք կասկածի տակ են դնում միջադեպի և, առհասարակ, դրան Գագիկ Ծառուկյանի մասնակցության վարկածը:

«Ապատեղեկատվություն է տարածվել: Տուժող համարվող տղամարդը դիմել էր Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս նրա որդու զորակոչի հետ կապված խնդիրը օգնի լուծել: Պարոն Ծառուկյանը հանձնարարել էր, որպեսզի խնդիրն ուսումնասիրեն և օրենքի տառին համապատասխան ուղիներ փնտրեն այն լուծելու համար: Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու դեպքում կան օրենսդրական դրույթներ զորակոչի հետ կապված: Այդ փուլում տուժողը գոհ էր Ծառուկյանի հետ հանդիպման արդյունքներից և իր երախտագիտությունն էր հայտնել: Հիմա շատ անտրամաբանական է, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր ես իմ գործընկերների հետ այցելել եմ Հանրապետական հիվանդանոց: Մանրակրկիտ ճշտել եմ` ինչումն է բանը: Անձամբ այցելել եմ հիվանդին: Նա ինքն էր ցանկություն հայտնել ընդունել ինձ: Ինքնազգացողությունը լավ էր: Մենք կհետևենք, որպեսզի տղամարդը լիարժեք բուժում ստանա»,- ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով` ոստիկանության հրապարակած տեսանյութին` Միքայել Մելքումյանը կտրականապես բացառեց Գագիկ Ծառուկյանի կողմից տղամարդու ծեծի ենթարկվելու վարկածը` նշելով, որ տուժող ճանաչված տղամարդը գոհ է եղել Գագիկ Ծառուկյանի օգնությունից. «Էստեղ ուրիշ երևույթ կա: Գագիկ Ծառուկյանին շատ լավ ճանաչելով` բացառում էր, որ նա կարող էր նման բան անել: Չի կարող այնպես լինել, որ մարդը գոհ լինի, ու այդ պարագայում նման կոնֆլիկտային վիճակ ստեղծվի»:

Միքայեկ Մելքումյանը նա հղում արեց տուժողի կնոջ հայտարարությանը, ըստ որի` իրենք որևէ բողոք չունեն, ու իր գնահատմամբ` ամուսինը դեղերի ազդեցության տակ է խոսել:




Լրահոս