«Ոստիկանների՞ն ուղարկեմ ձեզ մոտ, թե՞ Կանևսկոյի տղաներին». ուր են հասնում Վլադիմիր Գասպարյանի և քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի կապերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ բլից զրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին այն մասին, որ ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը։ Վանեցյանը նշել է, որ հրաժարվում է մեկնաբանել այս տեղությունները ու հայտարարել, որ զարգացումների դեպքում ԱԱԾ-ն կտարածի պաշտոնական հայտարարություն։

Քրեականների ոստիկանապետը

Նախ նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով` «նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ և մի քանի ժամ պահվել այնտեղ։ Ըստ նույն տեղեկության` հնարավոր է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի, ինչը կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի (Կանեւսկոյի)՝ Արմեն Կանևսկոյի եղբորը»։

ArmLur.am-ին նոր տվյալներ են հայտնի դարձել Վլադիմիր Գասպարյանի և քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի հնարավոր կապերի մասին: Մասնավորապես, օդում կախված լուրերի համաձայն, Արտյոմ Կանևսկոյը տարիներ շարունակ համարվել է Վլադիմիր Գասպարյանի հովանավորյալը: Նրա միջոցով քրեական աշխարհում ՀՀ նախկին ոստիկանապետը որոշակի գործողություններ է արել: Եթե եղել են հետախուզման մեջ գտնվողներ, կամ ՀՀ ոստիկանության հետ այս կամ այն կերպ խնդիրներ ունեցողներ, քրեական տարրերի միջոցով ապահովվել է նրանց հանգիստ քունը:

ՀՀԿ-ին ծառայած ոստիկանապետը

Եւ ուշագրավն այն է, որ դարձյալ օդում կախված լուրերի համաձայն` Գասպարյանը Կանևսկոյին նաև քաղաքական որոշակի գործընթացներում է ներգրավել: Ինչպես հայտնի է, Վլադիմիր Գասպարյանը չլինելով կուսակցական, որպես ոստիկանապետ, ծառայել է ՀՀԿ-ին, այդ կուսակցության շահերն է առաջ տարել: Եւ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի շարք ՀՀԿ-ական թեկնածուներին «լավություն» անելու համար, ըստ լուրերի, զանգահարել և առաջարկել է. «Ոստիկանների՞ն ուղարկեմ ձեզ մոտ, թե՞ Կանևսկոյի տղաներին, ինչի՞ կարիք ունեք»:

Գործը կոծկած ոստիկանապետը

Ինչպես հայտնի է, Արտյոմ Կանևսկոյի անունն ավելի շատ հոլովվեց Արթուր Ասատրյանի` էջմիածնեցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ նախապատրաստված մահափորձի շրջանակներում` որպես պատվիրատու: Իհարկե, այս փաստը դեռևս չի ապացուցվել, սակայն հայտնի ձայնագրությունը, որտեղ մեղադրյալները տալիս են Կանևսկոյի անունը, գործի նյութերին չի կցվել: Մինչդեռ ArmLur.am-ը տեղեկություններ ունի, որ այդ տեսանյութը ՀՀ ոստիկանությունում վաղուց է եղել, որը, հիմա արդեն հասկանալի պատճառներով, ժամանակին անտեսվել է: Ու դա էր պատճառը, որ Դոն Պիպոն հայրենի իրավապահներից հույսը կտրեց և առանց իրավապահների օգնության կանխեց իր դեմ իրականացվող մահափորձի հետագա դրսևորումները: Բայց հիմա Դոն Պիպոյի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման հատկանիշով: Հարկ ենք համարում նկատել նաև, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի քննության ընթացքում Հայաստանում ազատ շրջող Կանևսկոյին ոստիկանները «չէին կարողանում բռնացնել», ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է: Քննչական մարմինը հանձնարարում էր ոստիկաններին Կանևսկոյին հայտնաբերել և ներկայացնել քննության, սակայն ոստիկանները չէին անում:

Կեղծ փաստաթղթի մատակարարը

Բայց այսօր, թավշյա հեղափոխությունից հետո, երբ աղմկալի բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին, քրեական հեղինակությունների դեմ հայտնի որսի շրջանակներում, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին` խուզարկություն իրականացվեց նաև Կանևսկոյի տանը: Այնտեղ, ինչպես բազմիցս գրվեց մամուլում, հայտնաբերվել էր կեղծ անձնագիր, իսկ անձնագիր, ինչպես հայտնի է, տրամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը: Այդ վարչության պետ Մնացական Բչախչյանը հերքեց տեղեկությունները՝ ասելով, որ որևէ մեկին կեղծ անձնագիր չի տվել: Բայց փաստ է, որ Արտյոմ Կանևսկոյը այլ անձի տվյալներով անձնագիր է ունեցել:

Այս թեմայով բացահայտումները՝ հաջորդիվ:

Տաթև Հարությունյան




Լրահոս