Այսօր ՀՀԿ-ն լքելը` ոնց որ լքես ոչ մի բանը. Մանվել Գրիգորյանի փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Արսեն Մկրտչյանը 2009թ. ՀՀԿ անդամ է: Սակայն մինչեւ այժմ առանձնապես աչքի չի ընկել քաղաքական գործունեությամբ: Փաստաբանը վերջերս հանրությանն առավել հայտնի դարձավ` ստանձնելով պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանի պարտականությունները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արսեն Մկրտչյանի հետ` իր քաղաքական գործունեության վերաբերյալ:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչ-որ խնդիր կա՞, որ Դուք` որպես կուսակցական, ակտիվ չեք եղել քաղաքական դաշտում:

-Ես երբեք չեմ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Հանրապետական կուսակցությունն էլ ինձ համար կամ իմ ընտանիքի համար որեւէ լավ բան արած չունի: Ես եմ եղել կուսակցության համար, կուսակցությունն ինձ համար երբեք չի եղել: Կուսակցությունն ինձնից միայն վերցրել է, ոչ մի բան չի տվել ինձ:

-Բայց Դուք դեռ շարունակում եք ՀՀԿ-ական լինել:

-Ես հիմա ուղղակի իմաստ էլ չեմ տեսնում ՀՀԿ-ից դուրս գալու, որովհետեւ այսօր ՀՀԿ-ից դուրս գալը ոնց որ ԽՄԿԿ-ից դուրս գաս: Դա արդեն էժան PR-ի կնմանվի` ՀՀԿ-ից դուրս գալը: ՀՀԿ չկա այլեւս, էլ ՀՀԿ չլինելը որն է: Պատկերացնում եք` եթե ես հիմա, Մանվել Գրիգորյանին պաշտպանելով, ՀՀԿ-ի տոմսը հանձնեմ: Ես երբեք չեմ դավաճանել, ես երբեք շուռ չեմ եկել այն գաղափարներից, այն իդեալներից, որոնք ՀՀԿ կանոնադրությունը, կուսակցությունը պահել է: Բայց ՀՀԿ վերնախավն անձամբ ինձ համար որեւէ բան արած չունի: Հիմա ինչ ասեմ` դուրս եմ գալիս մի կառույցից, որի գոյությունը դե ֆակտո ինձ համար չկա: Ես չեմ համարում, որ ՀՀԿ-ն այսօր գործում է, չեմ համարում, որ ՀՀԿ-ի հետ կարելի է հույսեր կապել: ՀՀԿ վերնախավն իմ նկատմամբ անձամբ միշտ դրսեւորել է այնպիսի վերաբերմունք, ինչպես, օրինակ, Ձեր, ինչպես ցանկացած ուրիշ քաղաքացու նկատմամբ: Իսկ ես Հանրապետականի հանդեպ միշտ ունեցել եմ պարտականություն եւ համարել եմ, թե դա նորմալ է: Ես կուսակցության ոչ մի բանից չեմ օգտվել:

-Իսկ եղե՞լ է, որ դիմեք ՀՀԿ-ին աջակցության համար, բայց Ձեզ ոչնչով չօգնեն:

-Ես դրա համար չեմ եղել կուսակցությունում, որ ինձ ինչ-որ մի բանով օգնեն: Բայց երբ կուսակցությունում քննարկվում էր ընտրությունների ցուցակների հարցը, ես հայտարարել եմ, որ ցանկություն ունեմ Ազգային ժողովում հայտնվել, եւ ՀՀԿ-ն անգամ քննարկման առարկա չի դարձրել դա: Ես հասկանում էի, որ ՀՀԿ-ում այնպիսի գործընթացներ են գնում, որ կադրային քաղաքականությունը վարվում է վատից էլ ավելի վատ, ես փորձում էի ինչ-որ մի բանով օգտակար լինել, ստեղծել բարոյական մարդու կերպար, նորմալ մարդու կերպար, որը ժողովրդի կողմից էլ է ընկալելի, զբաղվում է իր գործով, բայց այդպես չեղավ: Հանրապետականում ավելի ուրախ էին ցուցակների մեջ ընդգրկել այն մարդկանց, ովքեր 15 հատ կուսակցություն արդեն փոխել էին, բայց կարող էին գումարային առումով ձայներ բերել, հետաքրքիր լինել:

-Այսինքն՝ մտածել են, որ Դուք չե՞ք կարող ձայներ ապահովել:

-Դե ես ո՞վ եմ եղել ՀՀԿ-ի համար, ես անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող ՀՀԿ-ական էի, ո՞ւմ էի ես պետք, կամ հիմա էլ ՀՀԿ-ին կարող է պետք լինեմ:

-Իսկ այն, որ հիմա շատերը լքում են ՀՀԿ-ն, Ձեզ համար սպասելի՞ էր:

-Այսօր ՀՀԿ-ն լքելը` ոնց որ լքես ոչ մի բանը: ՀՀԿ չկա: Ո՞նց կարելի է լքել մի բանը, որը չկա: Ո՞ւր գնամ ես դիմումս գրեմ: ՀՀԿ-ն ինչ է անում, որ մի հատ էլ լքես էդ ՀՀԿ-ն: Այսօր ՀՀԿ հասկացություն ես չեմ տեսնում: Եթե Ձեզ թվում է` մնացել են երկու փոխխոսնակ կամ մի քանի պատգամավոր, ու դրանով Հանրապետական կուսակցությունը պետք է պահվի, ես այդպես չեմ կարծում: ՀՀԿ-ն դա ժողովուրդն էր, դա այն մարդիկ էին, ովքեր իսկական պատրիոտներ էին, եկել էին, ՀՀԿ-ի գաղափարները լրիվ ուրիշ գաղափարներ էին: Ես ՀՀԿ-ից մի պատճառով դուրս չեմ գալիս. որ չասեն, թե ուշադրություն է ուզում գրավի: Այսօր ես չեմ տեսնում այն մարդկանց, այն կորիզը, որ կար 10 տարի առաջ: Եթե 10 տարի առաջ հավատ կար, ձգտումներ կային, հիմա ո՛չ պատգամավորության ձգտումներ կան, ո՛չ քաղաքականությամբ զբաղվելու:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս