ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր արժանիքի համար Վանաձորի նախկին քաղաքապետի որդին նշանակվեց վարչական դատարանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Աղասի Դարբինյանը, որը ՀՀ վարչական դատարանի դատավոր է դեռեւս 2010 թվականից: Ի դեպ, վերջինս մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է :

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց վերջինիս հետ հասկանալու համար, թե իր որ արժանիքի համար նա վերանշանակվեց ՀՀ վարչական դատարանի նախագահ:

-Պարո՛ն Դարբինյան, Ձեր ո՞ր արժանիքի համար երկրորդ անգամ Ձեզ ընտրեցին դատարանի նախագահ:

-Այդ հարցը ուղղեք ընտրողներին, նշանակողներին:

-Դուք Ձեր արժանիքները չգիտե՞ք:

-Չեմ կարող ուրիշի փոխարեն ինքս ինձ գնահատական տալ կամ իմ արժանիքներին, որ ինձ համար պաշտոնի առաջարկ է եղել կամ առաջխաղացում, այլ հարց ունե՞ք:

-Դատարանի դատավորների մեծ մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Օրինակ` ՀՀ վարչական դատարանի նախկին նախագահ Կարեն Մաթեւոսյանը Էջմիածին քաղաքի նախկին ոստիկանապետ Բաղիշ Մաթեւոսյանի որդին է: Դուք Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին եք: ՀՀ վարչական դատարանի միլիոնատեր դատավոր Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է, եւ այսպես շարունակ: Հայտնի պաշտոնյաների դատարա՞ն եք ստեղծել, շարքային մարդ չկա:

-Երեւի ավելի ուշադիր նայեք, շարքը այդպիսին չէ, իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որ ազգակցական կապ ունեն ինչ-որ ճանաչված մարդկանց հետ, դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ եւ չունի, դա իրենց անձնական գիտելիքների եւ հմտությունների արդյունքն է:

-Այսինքն` Ձեր հայրիկը ձեզ չի օգնել, որ դատավոր դառնաք, հետո դատարանի նախագահ:

-Ես այդ հարցին արդեն պատասխանեցի` ո՛չ, իմ հայրիկի գործոնը իմ գործունեության վրա որեւէ ազդեցություն չունի:

-ՀՀ վարչապետը ասել է, որ դատավորները աղերսում են, խնդրում են իրեն` ասելով, թե այս գործով ինչ անեն, դուք նեղսրտե՞լ եք:

-Բացառապես ոչ մի անգամ:

-Իսկ Ձեր ղեկավարության տակ գտնվող դատավորնե՞րը…

-Վստահ եմ, որ ոչ:

-Այդ դեպքում վարչապե՞տն է սուտ խոսում:

-Ես չեմ կարող ասել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում միայն վարչական դատարանի դատավորները չեն, կան այլ դատավորներ, թեեւ ես չգիտեմ, թե ով է զանգում, բայց վարչական դատարանում նման բան չի կարող լինել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս