Ինչու թավշյա հեղափոխությունից հետո սկսեցին ազատ արձակվել «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածները. ինչ հրահանգ է ստացել դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանները սկսել են մեկը մյուսի հետեւից ազատ արձակել քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող մի խումբ անձանց: Մասնավորապես «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածներից շատերի խափանման միջոցը փոխվել է, եւ կալանքից նրանք ազատ են արձակվել: Ժիրայր Սեֆիլյանի գործով ազատության մեջ է հայտնվել 6 անձ:

«Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետեւանքով բախումներ էր եղել ոստիկանների եւ Սարի թաղի բնակիչների միջեւ, որի հետեւանքով կալանքի տակ էր հայտնվել 10 անձ, որոնց 2 տարի անց ազատ արձակեցին: Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը վերոնշյալ անձանց ազատ արձակելու պաշտպանների բոլոր միջնորդությունները մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ, բնականաբար, մերժում: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո վերոնշյալ գործերով դատարանները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում աղմկահարույց գործերի շրջանակներում կալանավորված անձանց: Ընդ որում` դատախազներն այլեւս չեն առարկում միջնորդություններին, այլ համաձայնում են:

«Սասնա Ծռերի», ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրող դատախազը Պետրոս Պետրոսյանն է, որը նախկինում վերջիններիս բոլոր միջնորդությունները՝ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ երկրից չբացակայելով փոխելու, մերժել է, իսկ ահա ներկայումս վերոնշյալ գործերով բոլոր միջնորդությունները բավարարվում են: Ի դեպ, Պետրոս Պետրոսյանը նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց աղմկահարույց քրեական գործերով դատարանում մեղադրականը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հրահանգ են ստացել, որ «Ծռերի» գործով կալանավորվածներին ազատ են արձակում, եւ կոնկրետ ումից են ստացել:

-Պարո՛ն Պետրոսյան, թավշյա հեղափոխությունից հետո ինչ է փոխվել Ձեր գործունեության մեջ, որ իրար հետեւից ազատ եք արձակում «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածներին: Այսինքն` դատախազությունը չի առարկում բոլոր այն միջնորդությունները, որ նրանց խափանման միջոցը կալանքը ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին փոխարինվի:

– ՀՀ գլխավոր դատախազությունը գործում է բացառապես ՀՀ սահմանադրության եւ օրենքի համաձայն:

-Իսկ ինչո՞ւ մինչ թավշյա հեղափոխությունը չէինք առաջնորդվում ՀՀ սահմանադրությամբ կամ օրենքի տառին համապատասխան եւ հիմա նոր սկսեցիք այն կիրառել:

-Նրանց վերաբերյալ մենք դատարանում մեր դիրքորոշումը արտահայտել ենք` կապված նոր հանցագործություններ կատարելու ռիսկի նվազեցմանան հետ, եւ դրանք առավել մանրամասն ներկայացրել ենք միջնորդությունների դեմ առարկություններ չներկայացնելու ժամանակ:

-Դուք բավականին աղմկահարույց գործերի մեղադրող դատախազ եք, մտավախություն չունե՞ք, որ թավշյա հեղափոխությունից առաջ տարբեր քրեական գործերով նախկին իշխանությունների հրահանգն ենք կատարել, իսկ հիմա այլ մոտեցում եք իրականացնում, եւ Ձեր՝ նախկինում կատարած քայլերի համար պատասխանատվության կանչեն:

-Բացարձակապես, դրանք կապված չեն մեր քաղաքական իրողությունների հետ, այլ դրա արդյունքում ձեւավորված իրողություններով է պայմանավորված դիրքորոշումների փոփոխությունը, մասնավորապես նշեցի նոր հանցագործություններ կատարելու ռիսկի բացակայությունը:

-Ստացվում է, որ ռիսկը նոր հանցագործություն կատարելու բացակայեց, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը:

-Դրանք կապված չեն մեր քաղաքական իրողությունների հետ:

-Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին մեղադրող դատախազներին հրահանգ է իջեցվել վերաբացել նախկինում կասեցված կարճված քրեական գործերի ընթացքը: Դուք կոնկրետ նման հրահանգ ստացե՞լ եք:

-Ես հենց սկզբից նշեցի, որ դատախազությունը գործում է բացառապես Սահմանադրության եւ օրենքի համաձայն:

Քնար Մանուկյան




Լրահոս