Հայաստանի արտաքին առեւտուրը Ռուսաստանի հետ աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար մայիս ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, եթե 2017 թվականի հունվար մայիսին Հայաստանի առեւտրաշրջանառությունը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 628.9 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 778.1 մլն դոլարի: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ԵՄ երկրներ եւս առեւտրաշրջանառությունը կտրուկ աճել է`կազմելով 711 մլն դոլար, անցած տարվա 471 մլն դոլարի դիմաց:

ԵԱՏՄ անդամ երկրներից հատկապես Ռուսաստանի հետ է առեւտրաշրջանառության ծավալները աճել`կազմելով 752 մլն 632 հազար դոլար: Այս տարվա հունվար-մայիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առեւտուրը ԵԱՏՄ անդամ երկրներից գրեթե բոլորի հետ աճել է, բացի Ղրղզստանից: Ուշագրավ է, որ դեպի ԵՄ երկրներ առեւտրաշրջանառության ծավալների տեսակարար կշիռը այս տարվա հունվար մայիսին աճել է`կազմելով 25.4 տոկոս, անցած տարվա 22.2 տոկոսի դիմաց: Ըստ պաշտոնական փաստաթղթի` Հայաստանի արտաքին առեւտուրը ավելացել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ռումինիայի, նիդերլանդների եւ այլ երկրների հետ: Միայն Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը այս տարվա հունվար մայիսին կազմել է 177 մլն 892 հազար դոլար, նախորդ տարվա 104 մլն 836 հազար դոլարի դիմաց: Ըստ որոշ մասնագետների` ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճը պայմանավորված է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը կնքվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին: Չնայած այն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական:

Փոխարենը Վրաստանի հետ արտաքին առեւտուրը Հայաստանի հետ մոտ 36.5 մլն դոլարով նվազել է. այս հունվար մայիսին առերտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է ավելի քան 47.5 մլն դոլար, անցած տարվա ավելի քան 84 մլն դոլարի դիմաց: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտուրը զգալի նվազել է Կանադայի հետ`53.2 մլն դոլարով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս