Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն: Տվյալներն առավել քան ուշագրավ են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2181 հայտարարագրի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ:
Պարզվել է, որ 2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:
Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերեւույթ բախման իրավիճակ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Նշված պայմանագրերում թեեւ բացակայել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստորագրությունները, այդուհանդերձ մրցույթների իրականացման եւ հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չպետք է բացառել:
Այսպես, պայմանագրերից 469-ը՝ 66%-ը, կնքվել է առանց հայտարարության, բանակցային ընթացակարգի շրջանակներում: Համադրելով այս ցուցանիշը 2016-2017թթ. կայացած գնումներում նշված ընթացակարգին բաժին ընկնող միջին ցուցանիշի հետ` բացահայտվել է էական տարամիտում, ինչը նրանց գնահատականներով օրինաչափ չէ եւ վկայում է շահերի բախման ռիսկերի մասին: Ընդ որում` մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներին 709 պայմանագրերից բաժին է ընկել 96-ը, երբ փաստաթղթերը հաճախ չեն հրապարակվել:
Ինչպես արդեն նշեցինք, խոսքը 709 պայմանագրի մասին է, եւ դրանցից 99-ում, այսինքն` 14 տոկոսում, բացահայտվել է շահերի առերեւույթ բախման իրավիճակ: Նշված 99 պայմանագրերը պատկանում են մրցույթներում հաղթող ճանաչված 26 կազմակերպությունների:
Ընդ որում` առանձնացվել են հետեւյալ կատեգորիաները.
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձը մասնակցություն ունի կամ ունեցել է գնման մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությունում (9 կազմակերպություն, 44 պայմանագիր).
2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք (ամուսինը, ծնողը, զավակը, քույրը եւ եղբայրը) մասնակցություն ունեն կամ ունեցել են գնման մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությունում (14 կազմակերպություն, 52 պայմանագիր).
3. Բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ նրա ամուսինը աշխատանքի վարձատրություն եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է ստացել գնման մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությունից (3 կազմակերպություն, 3 պայմանագիր):
Ելնելով այս հանգամանքից` էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014-2017թթ. ժամանակահատվածում գնումների հաղթող ճանաչված այն առեւտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն մասնակցություն: Խոսքը 69 կազմակերպության մասին է: Դրանցից են`
«Ավշարի գինու գործարան» ՍՊԸ (ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյան), «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ (կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիք), «Արամյանց» բժշկական կենտրոն (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբայր), «Վարդանանց» ԲԿ (առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյան), գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ ի Ջիսերվիս» ՍՊԸ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ (պատգամավոր Աշոտ Արսենյան), «ՍԱՍ» գրուպ (պատգամավոր Արտակ Սարգսյան), ՎԱԲԱ գրուպ (ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան) եւ այլն:
Հավելենք, որ ուսումնասիրության արդյունքներից ելնելով` հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ շահերի բախման գործող օրենսդրական կարգավորումները նեղ են եւ լիարժեք չեն արտացոլում իրական ռիսկերը: Արդյունքում, բազմաթիվ իրավիճակներ չեն նույնականացվում որպես շահերի բախում եւ որեւէ իրավական հետեւանք չեն առաջացնում: Ընդ որում` տեղեկացանք, որ այս ուսումնասիրության արդյունքների շուրջ արդեն քննարկումներ են տեղի ունեցել, եւ դրանք ամփոփելուց հետո ՀՀ կառավարություն կներկայացվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՉԻ ԱԶԱՏՎԻ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻՑ
Պարզվում է` թավշյա հեխափոխությունը դեռ չի հասել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարան, քանի որ Ստեփանավանի ՀՀԿ-ական հավերժ համարվող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել:
-Պարո՛ն Ղարաքեշիշյան, իշխանափոխությունից հետո` վերջին օրերին, ՀՀ մի քանի քաղաքապետեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել… Հնարավո՞ր է` Դուք էլ հրաժարականի դիմում ներկայացնեք:
-Ձեզ պե՞տք է, որ հրաժարական տամ (ծիծաղում է-Ս.Հ.): Վերջին օրերին տեղի ունեցող բոլոր իրադարձությունները համարում եմ օրինաչափ: Իսկ եթե կառավարությունը, ժողովուրդը որոշի, որ ես իրենց պետք չեմ, խնդիր չկա… հրաժարական կտամ: Ճիշտ կլինի Դուք ուսումնասիրություն անեք հրաժարական տվողների ու չտվողների մասով ու հաստատ կհասկանաք, թե ինչու են հրաժարական տվել:
-Դուք պատրա՞ստ եք աշխատել նորանշանակ ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ:
-Ես ե՛ւ մարզպետի, ե՛ւ նախարարի հետ էլ աշխատում եմ: Անգամ հասցրել եմ հանդիպել ե՛ւ նախարարի, ե՛ւ մարզպետի հետ: Բացի այդ` նախարարն էլ է եկել մեզ մոտ: Ես իմ առօրյա աշխատանքի մեջ եմ: Ես բացի աշխատանքից ոչ մի բանով չեմ զբաղվում: Ես միայն աշխատանքով եմ զբաղվում:
-Մարզպետի եւ նախարարի հետ հանդիպմանը ի՞նչ եք քննարկել:
-Աշխատանքային քննարկումներ են եղել: Գործնական բնույթի հանդիպում է եղել:
-Պարո՛ն Ղարաքեշիշյան, մարզպետի հանձնարարականով Ստեփանավանի քաղաքապետարանում ստուգումներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ…
-Ընդհանուր աուդիտորական աշխատանքներ իրականացվում են:
-Արտահե՞րթ…
-Այո՛, բայց վարչական հսկողական այդ աշխատանքները միշտ էլ կատարվել են: Սովորական երեւույթ է: Աշխատանքային գործընթաց է:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ խախտումներ, չարաշահումներ կհայտնաբերվեն… Չէ՞ որ արդեն 6 տարի է, ինչ Դուք Ստեփանավանի քաղաքապետն եք:
-Աշխատող մարդը խախտում ունի, իսկ չաշխատողը` չունի (ծիծաղում է-Ս.Հ.): Եթե խախտումները օրենքի սահմաններից չափից շատ կլինի, դա արդեն այլ որոշելու հարց է: Ինձ թվում է` ես նման խախտումներ թույլ չեմ տվել: Ես անթերի չեմ, բոլորն էլ կարող են թերություններ թույլ տալ: Բայց ես հաստատ այնպիսի բան արած չեմ, որ ինձ բռնեն, նեղացնեն:
-Դուք ՀՀԿ-ական եք, հնարավո՞ր է` առաջիկայում կուսակցությունից դուրս գալու դիմում գրեք
-Ես միանշանակ կուսակցություն չեմ փոխի: Թե կուսակցությունը կփակվի, ես էլ իրեն հետ կփակվեմ, ինչ խնդիր: Բայց կուսակցությունը չեմ փոխի: Դուրս գալն էլ է բացառվում: Դուրս գալու իմաստ չկա էլ, եթե իմ աշխատանքի ոճը հարմարվում է այսօրվա իշխանությունների պայմաններին, կուսակցությունում մնալը ինչի՞ն պետք է խանգարի: Ոչնչին:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Տավուշի արդեն նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ` պետական բյուջեից որպես սոցիալական օգնություն գումար ստացած անձանց անուն-ազգանունները, նրանց ստացած գումարների չափերը 2017թ. ապրիլից չէին հրապարակվում մարզպետարանի ինտերնետային կայքում: Մարզպետը դա պատճառաբանում էր նրանով, որ օգնություն ստացողների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն: Արդեն հունիսի 8-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշել է 2018թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից սոցիալական աջակցության նպատակով 73 քաղաքացիների հատկացնել միանվագ դրամական օգնություն` ընդհանուր 2 միլիոն 90 հազար դրամի չափով: Այս որոշմանը կից հավելվածում հրապարակված են օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, նրանց բնակության վայրը եւ ստացած դրամական օգնության չափը` 15-50 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվել նաեւ մարզպետարանի աշխատակազմում: Մարզպետ Վ. Ղալումյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արամայիս Ուլիխանյանի անձնական դիմումը, հունիսի 19-ին նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ` մարզպետը, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի անձնական դիմումը, նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից: Նշված պաշտոնները, նաեւ մարզպետի 2 օգնականների հաստիքները առայժմ թափուր են:
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Իջեւան քաղաքի 37-ամյա բնակիչ Նարա Ղազումյանի քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Նա մեղադրվում է այն բանում, որ 2012-2013թթ., հանդես գալով որպես «Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամի» Տավուշի մարզային համակարգող, մարզի Չինչին համայնքում տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումով Չինչին համայնքի նախկին ղեկավար(այժմ Չինչինի վարչական ղեկավար) Կարեն Դարբինյանից ստացել է 200 հազար դոլար: Ն. Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Այդ հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ն. Ղազումյանը, ով միայնակ մայր է, փոքրահասակ աղջիկ ունի, կալանքի տակ չէ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ