ՄԱՐԶՊԵՏԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀԷԿ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հանձնարարականով Կապանի առողջության կենտրոնում եւ Տաթեւ համայնքում այս պահին իրականացվում են վարչական հսկողական գործառույթներ: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սյունիքի ԲՀԿ-ական մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ:

-Պարո՛ն Համբարձումյան, այս պահին ո՞ր քաղաքապետարաններում են ստուգումներ իրականացվում:
-Առայժմ մենք ստուգումներ ենք իրականացնում Տաթեւ համայնքում, արդեն 2-3 օր է, ինչ այդ աշխատանքները սկսվել են: Արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնենք: Եւ մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը ստուգումներ իրականացնում է նաեւ Կապանի առողջության կենտրոնում: Այդ աշխատանքերը պլանային են, բայց արդյունքներից հետո կհասկանանք` արդյոք կարիք կա արտահերթ ստուգում իրականացնել, թե ոչ:
-Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանը համարվում է նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանի կադրը: Ինքը շարունակելո՞ւ է աշխատել…
-Ցանկացած համայնքի սյունեցի ղեկավար, եթե սրտացավ է համայնքի համար, օրենքների մեջ ոչ մի խախտում չունի, իրականում իր գործը պատշաճ է անում, կարծում եմ, այդ մարդկանց հետ պետք է աշխատել: Դեռ ոչ մի ռեալ պատկեր չկա: Պատկերը ռեալ դառնալուց հետո իմ խոսքը կասեմ: Կան չարաշահումներ թե ոչ, այս պահին վաղ է ասել:
-Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գործունեության մասով մարզպետարանում ներքին աուդիտ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Դեռ ոչ: Մարզպետարանում ներքին աուդիտ դեռ չի անցկացվել: Բայց ես, երբ խոսում եմ վարչության պետերի հետ մեր աշխատանքների մասով եւ պարզում, որ կան թերություններ, սխալներ, կոնկրետ ուղղություն եմ ցույց տալիս: Մարզպետարանում այդքան էլ լուրջ խնդիրներ, թերություններ չկան: Բայց չի բացառվում, որ ներքին աուդիտ կանցկացվի:
-Իսկ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ի՞նչ ազդեցություն ունի մարզում…
-Ես առայժմ չգիտեմ, թե ինչ ազդեցություն ունի: Չեմ նկատել, որ ինքն այս պահի դրությամբ ազդեցություն ունենա մարզում: Կարծում եմ մարզում իր ազդեցությունը մարզպետի շրջանակներում է եղել:
-Սյունիքի մարզը հայտնի է իր կրիմինալ պատմություններով, կրակոցներով: Ինչպե՞ս եք պատրաստվում զսպել կրիմինալը:
-Կարծում եմ, որ կրիմինալը առաջին հերթին պետք է զսպեն իրավապահ մարմինները: Բայց իմ մասով այն, ինչ ինձանից է պահանջվում, հավաստիացնում եմ, որ անելու եմ ամեն ինչ, որ մարզում երբեք կրակոց, դանակահարություն եւ հայհոյանք չլինի: Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ մարզում լինի հանգիստ, եւ չխաթարվի սյունեցիների անդորրը:
-Պարո՛ն Համբարձումյան, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Դուք ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ բիզնես ունեք` ՀԷԿ եք շահագործում: Խոսքը «Հովթեր» ընկերության մասին է…
-Այդ լուրերը ապատեղեկատվություն են, չկա նման բան: Լավ, նվեր տամ էդ ասողին, եթե տանեն ցույց տան, որ ՀԷԿ է, եւ ես գումար եմ աշխատում այդտեղ, հոսանք եմ արտադրում, այդ արտադրած հոսանքը տամ իրեն, ինչ ասեմ: Դա սուտ է: Ես ինչպես մեկնաբանեմ, եթե չկա նման բան, որ մի բան չունեմ, ես ինչ ասեմ:
-Բայց «Հովթեր» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի վարչական տարածքում` Հրազդան գետի վրա, ցանկանում էր փոքր հէկ կառուցել: Ավելին` «Արգել-1» անվամբ հէկի կառուցման նպատակով ընկերությունը դեռեւս 2016 թվականին բնապահպանության նախարարություն էր ներկայացրել ջրօգտագործման թույլտվության նախագիծը…
-Այս պահին Կոտայքի մարզում հողատարածքներ կան, որոնք պատկանում են «Հովթեր» ընկերությանը, բայց այնտեղ աշխատող բիզնես, ՀԷԿ, որ հոսանք արտադրի կամ թեկուզ մեկ մետրանոց պատ լինի կամ խողովակ, նման բան չկա: Ոչինչ չկա, ընդամենը հողակտորներ: Չի բացառվում, որ առաջիկայում այդ հողատարածքները վաճառքի հանվեն: Եթե գնորդ էլ լինի, մեծ սիրով կվաճառենք, քանի որ ՀԷԿ կառուցելու եւ շահագործելու համար ֆինանսական միջոցներ են պետք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ` ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Հունիսի 26-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ավագանու անդամները մի խումբ բնակիչների հետ միասին ընդունելության են եղել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ: Ազատամուտցիները մարզպետին հայտնել են, որ համայնքում առկա բարդ իրավիճակը, չլուծված խնդիրները համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի ոչ թափանցիկ գործելակերպի հետեւանք են: Համայնքի ղեկավարը հրաժարվում է ավագանուն տրամադրել համայնքին վերաբերող կարեւոր փաստաթղթեր, ավագանուն տրամադրված աշխատասենյակի պայմանները բարվոք չեն: Մարզպետը մեկ ժամ հետո մեկնել է Ազատամուտ, համայնքապետարանում ավագանու անդամների, Ժորա Մարտիրոսյանի, համայնքի մի խումբ բնակիչների ներկայությամբ կայացել է քննարկում, որը բավական թեժ է անցել: Ավագանու անդամները եւ համայնքապետը դրա ընթացքում խոսքերով վիրավորել են միմյանց: Որոշվել է հունիսի 29-ին հրավիրել Ազատամուտի ավագանու նիստ, որի օրակարգում համայնքի բյուջեի հաստատման, գյուղի մանկապարտեզի վերագործարկման հարցերն են: Համայնքի մանկապարտեզը ներկայումս չի գործում, քանի որ հիմնարկի հաստիքացուցակը հաստատված չէ: Ազատամուտ համայնքի ավագանին ավագանու կանոնակարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել, որպեսզի ավագանու անդամները ոչ թե հաստատեն համայնքապետի առաջարկած համայնքային ենթակայության հիմնարկների տնօրենների թեկնածուներին, այլ ավագանին իրավունք ունենա այդ թեկնածուներին որոշելու: Այդ նախագիծը փորձաքննության է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Մարզպետի մասնակցությամբ լուծվել է համայնքապետարանի որոշ փաստաթղթերի` Ազատամուտի բնակիչներին ցուցաբերված սոցիալական օգնությունների ցանկի, գույքագրման ցուցակների, գույքի վարձակալության պայմանագրերի ավագանու անդամներին տրամադրման հարցը: Այդ փաստաթղթերը նախկինում հասու չէին համայնքի ավագանու անդամներին: Ավագանու անդամները կարծում են, որ այդ փաստաթղթերում Ժ. Մարտիրոսյանի կողմից օրենքի խախտման բազմաթիվ փաստեր կան, որոնք հիմք կարող են լինել նրա հրաժարականի համար: 1949թ. ծնված, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանը 2008թ.-ից ղեկավարում է Ազատամուտ համայնքը:

 

 

ԱՐԱԳԱՉԱՓԸ ՓԱԿԵԼ ԵՆ
2018թ. հունիսի 3-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում տեղադրված, նախկինում չաշխատող արագաչափերը սկսել են գործել: Այդ արագաչափերը չէին գործում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Տավուշցի վարորդները դժգոհեցին, որ 2 տարվա ընդմիջումից հետո արագաչափերի գործարկման մասին ոստիկանությունը հայտարարություն չէր տարածել: Հունիսի 26-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի ներկով փակել են Ջուջեւանում գտնվող արագաչափի անցքը, որտեղից լուսանկարող սարքը նկարում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս