Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում վաղը թեժ օր է. հունիսի 30-ին կայանալու է ՀՖՖ հերթական ժողովը, որի ժամանակ էլ նախատեսված է նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Եւ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր հերթական պարտությունից հետո դժգոհությունների մեծ ալիք է բարձրանում, բավական լավ նախապատրաստվել է այդ ընտրություններին պահպանելու համար պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել այն ակումբներին եւ կազմակերպություններին, որոնք կարող են իրեն դեմ քվեարկել: Արդեն իսկ կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ մի քանի ակումբի՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի, «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» եւ «Շիրակ» ակումբի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Եվ այս ակումբների փոխարեն ֆեդերացիայում մտադիր են ՀՖՖ-ի անդամ դարձնել միանգամից 12 նոր կազմակերպությունների: Այս քայլը թերեւս պատահական չէ. ՀՖՖ-ի անդամ ակումբները իրավունք ունեն մասնակցելու նախագահի ընտրություններին: Տեսակետ կա, որ թիմերը, որոնք հեռացվել են, իսկապես կարող էին մասնակցել ընտրություններին եւ Հայրապետյանին դեմ քվեարկել: Եվ հիմա վստահելի թիմեր ներգրավելով` Հայրապետյանն ապահովում է իր համար կողմ ձայներ:Հավելենք, որ մինչեւ 2010 թվականը գործող կանոնադրության համաձայն` ՀՖՖ նախագահի պաշտոնը սահմանափակվում էր 4 ժամկետով՝ յուրաքանչյուրը 4 տարի տեւողությամբ: Սակայն այդ տարի տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ նոր կանոնադրություն ընդունվեց, ըստ որի` ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետն այլեւս չի սահմանափակվում:
Թավշյա հեղափոխությունից հետո նոր թափ է ստացել մարտի 1-ի գործի նախաքննությունը. նախաքննական մարմինն ուսումնասիրության առարկա է դարձրել նաեւ մարտի 1-ին «Բանակի ներգրավվածության մասին» նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի զեկույցը: ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչու իր օրոք այդ հարցն ուսումնասիրության առարկա չի դարձել: «Ես չգիտեմ, ինչ-որ ասում եք, չգիտեմ` ինչի մասին է խոսքը»,- ասաց նա: Միաժամանակ Միրզոյանը պնդել է, որ պատրաստ է ՀՔԾ-ին օժանդակել մարտի 1-ի բացահայտման գործում: «Ես շատ ուրախ եմ, որ փոխվել է, երեւի ամենաուրախ մարդկանցից մեկը ես եմ, որ իրավիճակ է փոխվել, եւ ուրախ կլինեմ, որ նոր քննչականի պետը կարողանա խմբեր ստեղծել, կազմակերպել քննություն իրականացնել եւ բացահայտել, ես էլ կասեմ` ինչ լավ է, ու կուրախանամ, ու մենք էլ կիմանանք իրական պատկերը»,- ասել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել են պետական գույքի կառավարման վարչությանը: Սա, թերեւս, պատահական չի արվել. այսպես հնարավորություն է ստեղծվել, որպեսզի գեներալ Մանվելը պետական գույքի կառավարման վարչությունից էժան գնով ձեռք բերի այդ մեքենաները՝ հարստացնելով իր ավտոպարկը, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ավտոմեքենան, որը եւս գնել է Գրիգորյանը շատ մատչելի գնով: Նշենք նաեւ, որ Գրիգորյանի ավտոկայանատեղիում կար Rolls-Royce մեքենա, որը, ըստ օդում կախված լուրերի, եղել է գողացված. նա ձեռք է բերել 160 հազար դոլարով, մինչդեռ այդ մեքենայի վաճառքի արժեքը շուկայում կազմում է 800 հազար դոլար:
Չի բացառվում, որ առաջիկայում Վազգեն Մանուկյանն այլեւս չղեկավարի Հանրային խորհուրդը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, Մանուկյանը պատասխանել է. «Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ»:Իսկ հարցին, թե ինքներդ ցանկություն ունե՞ք նորից աշխատելու, պարոն Մանուկյանը նշել է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջեւ: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, եւ հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերեւա ապագայում»: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած քննադատություններին, Մանուկյանն ասել է. «Դա կարեւոր չի: Հիմա ինքը վարչապետ է եւ պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է: Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ձեւավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է»:
ՈՒՇԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին: Խոսելով հանրային համերաշխության վերականգնման մասին` վարչապետը զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից` շեշտելով, որ այդ իրավունքների պաշտպանության տեղը դատարանն է: Միաժամանակ նա հայտարարել է, թե որպես վարչապետ չի միջամտելու դատարանների գործունեությանը, քանի որ դա սխալ է, եւ նախկինում այդ գործելաոճի պատճառով են եղել լուրջ խնդիրներ: Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ իր համար կարեւոր է ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինելը, եւ որ իր պարտավորությունն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը: «Այն մարմիններին, որոնք ենթարկվում են վարչապետին, կտամ հանձնարարականներ, որպեսզի ձեր բարձրացրած որոշ խնդիրներով զբաղվեն»,- ընդգծել է նա:
Ինչեւէ, այս հանդիպումը սպասելի էր, բայց նաեւ շատ ուշացած: Եթե հիշում եք, վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց Փաշինյանը, խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին, հայտարարել էր, թե խնդիր է այն գործերի դեպքում, որտեղ ունենք զոհեր: Ըստ այդմ` Փաշինյանը նշել էր, թե «Սասնա ծռերի» գործի հետ կապված պետք է լինի հանրային քննարկում, նաեւ պետք է լսել սպանվածների հարազատներին: Եւ ահա այդ հանդիպումը տեղի ունեցավ Փաշինյանի խոստումից ավելի քան մեկ ամիս անց: Միայն թե մինչ այդ արդեն ազատ էին արձակվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը: Իհարկե, ազատ են արձակվել նրանք, որոնք ոստիկանների մահվան մեջ չեն մեղադրվում, ոչ էլ այդ միջադեպի կազմակերպիչներն են: Ու նրանց մի մասն ազատ է արձակվել գրավի դիմաց, մի մասի դեպքում պարզապես փոխվել է խափանման միջոցը, իսկ քրեական գործը որպես այդպիսին դեռ շարունակվում է, եւ հայտնի չէ, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի: Սակայն ինքնին փաստը, որ Փաշինյանը զոհերի հարազատների հետ հանդիպել է «Սասնա ծռերից» շատերի ազատ արձակումից հետո, այնքան էլ ճիշտ չէ:
Մյուս կողմից, նկատենք, «Սասնա ծռերի» անդամներն էլ պետք է գիտակցեն, որ ազատության մեջ են հայտնվել բացառապես թավշյա հեղափոխության արդյունքում: Նրանք ամենավառ երազում անգամ չէին կարող պատկերացնել, որ դուրս կգային բանտից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեպքում: Սա այն պատճառով, որ նրանց արարքն անընդունելի էր, եւ անընդունելի էր հենց հասարակության աչքին. բացի մի քանի հոգուց՝ որեւէ մեկը չփորձեց պաշտպանել նրանց: