Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտնելով, որ անցած 10 տարիների ընթացքում ՀԽ-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել կառավարություն, որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է, իսկ մի մասը` մնացել չիրագործված: ՀԽ նախագահը նաեւ որոշ առաջարկներ էր ներկայացրել վարչապետին, որոնք վերաբերում էին կրթության, գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներին: Այժմ, համաձայն օրենքի, նոր կառավարության ձեւավորման պայմաններում պետք է տեղի ունենա նաեւ նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթաց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դեռեւս գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ խնդիրներ կան նոր Հանրային խորհրդի ձեւավորման հարցում, կարծես թե այն ուշանում է:
-Այստեղ մի ծանր խնդիր կա. նոր Հանրային խորհրդի ձեւավորումը, ըստ օրենքի, տեւում է երկուսուկես ամիս, եւ ամենակարեւոր փուլը` հանձնաժողովների նախագահների ընտրությունը, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, կազմակերպություններ, լինելու է օգոստոս ամսին: Ես ուղղակի նպատակահարմար էի գտնում, որպեսզի օրենքի մեջ լիներ հնարավորություն, որպեսզի այդ ընտրությունը տեղի ունենար սեպտեմբերին, ոչ թե օգոստոսին: Այդքան բան: Մնացածն օրենքով պետք է իրականացվի:
-Նիկոլ Փաշինյանը քննադատական խոսքեր էր հնչեցրել ՀԽ գործունեության վերաբերյալ:
-Դա կարեւոր չի: Հիմա ինքը վարչապետ է եւ պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է: Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ձեւավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է:
-Վարչապետը Ձեզ խորհուրդներ տվե՞լ է` կապված ՀԽ գործունեության հետ, որպեսզի այն ավելի արդյունավետ գործի:
-Ո՛չ, ես եմ բարձրացրել այդ հարցը: Արդյունավետության հարցը չի, արդյունքների օգտագործման հարցն է: Ես կարծում եմ` շատ արդյունավետ աշխատել է Հանրային խորհուրդը նախորդ տարիներին: Իսկ ֆինանսի հարցում աշխատավարձ ստանում է միայն աշխատակազմը, որը հանդիսանում է կառավարության աշխատակազմի մի մասը, իսկ ՀԽ-ն, ընդհանուր առմամբ, հասարակական հիմունքներով է աշխատում:
-Դուք ժամանակին վարչապետ եք աշխատել: Հիմա ի՞նչ եք կարծում, Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:
-Այդպես չի լինում, որ մի երկրում սկսում են պայքարել կոռուպցիայի դեմ, եւ կոռուպցիան վերանում է: Կոռուպցիայի դեմ պայքարն ամենօրյա աշխատանք է: Հին Հռոմում կալիգուլայի ժամանակ սկսվել է, մինչեւ հիմա Իտալիայում պայքարում են: Դա մի երեւույթ է, որի դեմ պետք է միշտ պայքարել: Օրենքների միջոցով եւ իրավապահ մարմինների միջոցով պետք է այդ հարցերն անընդհատ լուծվեն: Դա սկսվող եւ ավարտվող գործ չի: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, կառավարությունն ինչ կանի, կապրենք, կտեսնենք էլի: Հիմա շատ շուտ է որեւէ բան ասել:
-Բայց այժմ մեծ թափով սկսվել է գործընթացը:
-Ես կարծում եմ` բոլոր տիպի գնահատականները, թե ինչ արդյունքներ ենք ստանում, շուտ է դեռ ասելը: Պետք է սպասենք ուղղակի:
-Իսկ Դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին:
-Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ:
-Բայց Դուք ցանկություն ունե՞ք նորից աշխատելու` որպես ՀԽ նախագահ:
-Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջեւ: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, եւ հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերեւա ապագայում:
-Այսինքն` Դուք ցանկություն ունեք խորհրդարանում լինել որպես պատգամավոր:
-Ո՛չ, եթե կուսակցությունն ընտրություններին մասնակցի եւ նույնիսկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարի, դժվար թե ես համաձայնեմ պատգամավոր աշխատել: Բայց ես շատ կուզեի, որ մեր կուսակցությունն իր գաղափարախոսությամբ եւ կադրերով ներկայացված լինի Ազգային ժողովում:
-Իսկ Դուք ի՞նչ եք անելու այդ դեպքում:
-Մի բանով կզբաղվեմ, ձկնորսություն: Եթե որոշվի, ցուցակում չլինես, դա ճիշտ չի, բայց եթե անցնում ես 5 տոկոսը, պարտադիր չի, որ դու ցուցակում մնաս:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԵՂԵԼ ԱՆՁԵՐԻՑ
Ըստ նախնական լուրերի` այսօր կառավարությունում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՓՄՁ ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվելու են փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրները: Երեկ էլ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե ՓՄՁ-ները լուրջ պաշտպանվածության կարիք ունեն, եւ որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու այդ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանի հետ ոլորտում առկա խնդիրների մասին:
-Պարո՛ն Ավագյան, ի՞նչ ակնկալիք ունեք վարչապետի հետ հանդիպումից:
-Մենք մեկ ամիս առաջ կառավարությանն ենք ուղարկել առաջնահերթ խնդիրների վերաբերյալ մի նամակ եւ ուրախ ենք, որ արդեն դրա արձագանքը կա: Հանդիպումից առաջնային սպասելիքն այն է, որ հիմք կդրվի այն մեխանիզմի, որով այսուհետ երկխոսելու ենք կառավարության հետ: Այսինքն` այդ երկխոսության արդյունքում քննարկումների արձանագրությունները, դրանց կատարման պարտադիր եւ ոչ պարտադիր լինելը: Օրինակ` հիմա մենք ՀԴՄ սարքերի մասով խնդիր ենք բարձրացնում: Ինձ համար առաջնայինն այն է, որ գոնե երկխոսության ճիշտ մեխանիզմ դրվի, ճիշտ կանոնը սահմանենք, ստորագրենք դրա տակ եւ որոշենք, որ, օրինակ, ամիսը մեկ անգամ հավաքվում ենք: Սա արդեն 4-րդ կառավարությունն է, որի հետ մենք աշխատում ենք: Հիմքերը դրվեցին Տիգրան Սարգսյանի օրոք, վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհուրդ կազմավորվեց, ու կախված կառավարությունների փոփոխությունից` այդ խորհրդի արդյունավետությունը, ցավոք, կախված է եղել անձերից:
-Հիմնական խնդիրն այս պահին ո՞րն է ՓՄՁ ոլորտում:
-Կան պետական մակարդակով տրված մենաշնորհներ, ինչը պետք է վերացվի: Օրինակ` կառավարությունը մենաշնորհ է տվել ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ին եւ վերջերս այդ ՊՈԱԿ-ը գին սահմանեց, որ մեր երկրում ՀԴՄ սարքն արժի 160.000 դրամ: Ու մենք չունենք այլընտրանք այդ մասով: Հիմա սա կառավարության որոշման մակարդակի հարց է, թե ինչու է մենաշնորհ տրվել ՊՈԱԿ-ին այդ լիազորությունը: Ժամանակին մենք ունեինք առնվազն տասը տնտեսվարող, ովքեր առաջարկում էին այլ ՀԴՄ սարքեր: Եվ հիմա ՀԴՄ սարքերի մենաշնորհը պետք է վերացնել, քանի որ դա չարիք է: Այսինքն` պետք է լինի մրցակցային դաշտ այս առումով: Եվ նախկինում ցանկացած մարդ կարող էր այդ սարքերը ներմուծել:
-ՓՄՁ ներկայացուցիչների կողմից բազմիցս նշվում էր, որ խոշոր ձեռնարկատերերը խժռում են իրենց: Այս խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի:
-Մենք ունենք օրենք, բայց այն չէր կիրառվում այնպես, ինչպես գրված էր: Այսինքն` մենք ունենք հարկային արտոնյալ տնտեսվարողներ, որոնք ակնհայտ է, որ պայմանավորվածությունների արդյունքում գնացել են հարկային օպտիմիզացիայի: Իսկ սովորական ՓՄՁ ներկայացուցիչ եթե դիմեր, իրենք դա թույլ չէին տա: Այս հարցը պետք է կարգավորվի:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՉԵՆ ԿԱՆՉԵ՞Լ
Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Հիշեցնենք` ապրիլի 16-ին` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, արդյունքում բեկորային վնասվածքներ ստացան մի շարք անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, նաեւ ոստիկանության 6 աշխատակից: Այս գործով նշանակվել էին մի շարք փորձաքննություններ: Նռնակի կիրառման միջադեպից անցել է 2 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին կանչել են հարցաքննության, սակայն հստակ պատասխան չտրվեց: ՀՔԾ-ն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ լուրը` ասելով, որ տեղեկատվություն կտրամադրի այն ծավալով, որքանով այն չի վնասի նախաքննությանը: Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործով դեռեւս մեղադրյալներ չկան:
ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ շարունակում է քննարկումները գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները, չնայած, որ նախարարությունը պետք է հունիսի վերջին կառավարությանը ներկայացներ առաջարկությունների փաթեթը: Նշենք, որ այս գործառույթը իրականացնում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ առաջարկությունների փաթեթը վերջնական պատրաստ չէ, այն դեռ մշակվում է: Հավանաբար առաջարկությունների փաթեթը հուլիսի առաջին տասնօրյակում կներկայացվի կառավարությանը: Ի դեպ, առաջարկությունների փաթեթի մեջ ներառված են լինելու նաեւ գազի ներտնային սպասարկման սակագնի իջեցման եւ ստացված գումարները պետական բյուջե ուղղելու հարցերը: Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի այս հանձնարարականը անակնկալ է եղել ե՛ւ նախարարության, ե՛ւ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողների համար:
ՏՈՐԹԵՐՈՎ
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը պետական միջոցներով գնել է 240 հատ տորթ` մեծ, միջին եւ փոքր: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 34 հատ 40 սմ երկարությամբ եւ լայնությամբ մեծ տորթի համար ծախսվել է 374 հազար դրամ, 100 հատ 30 սմ երկարությամբ եւ լայնությամբ միջին տորթի համար` 880 հազար դրամ, իսկ ահա 106 հատ 23 սմ երկարությամբ, լայնությամբ փոքր տորթին` 424 հազար դրամ: Այսինքն` տորթերի համար քաղաքապետարանի աշխատակազմը ծախսել է 1 մլն 678 հազար դրամ: Նշենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրիի՝ «Անուշարան» անվանումով հրուշակեղենի գործարանը: Նաեւ հիշեցնենք, որ ՊԵԿ-ը բացահայտել էր, որ քաղաքապետի ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանը մի քանի միլիոն դրամ հարկ չի վճարել: