«Հիասթափվել եմ շոու-բիզնեսում տիրող իրավիճակից, որովհետեւ արվեստի մասին խոսք լինել այստեղ չի կարող: Բոլորը նույն հարսանեկան երգերն են երգում միայն փողի համար»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան:
Նրա խոսքով՝ նախկինում երգիչներն ավելի բաց էին հետաքրքիր առաջարկների, նոր ռիթմերի, էքսպերիմենտների առաջ, իսկ այսօր՝ ոչ. «Օրինակ՝ տասը տարի առաջ համագործակցում էի Սոֆի Մխեյանի հետ, եւ նա բավական ազատ էր մտածում, ուզում էր տարբերվող լինել: Ի դեպ, տասը տարի անց Սոֆիի հետ որոշել ենք կրկին համագործակցել»,-ասաց մեր զրուցակիցը:
Երգահանը պատրաստվում է ինչ-որ չափով դաշտ վերադարձնել նախկին ազատությունը: Հարցին, թե շոու-բիզնեսում չկան արդյոք արտիստներ, որոնք առանձնանում են իրենց ձեռագրով, ոճով, ինքնատիպությամբ, ԴերՀովան պատասխանեց. «Ցավոք՝ ոչ: Ես չեմ տեսնում մեկին, ով իր ոճը գտած լինի: Թերեւս իր ձեռագիրն ունի Հասմիկ Կարապետյանը, բայց մեծ մասը դա չունի. մեկ երգում են փոփ, մեկ՝ ռոք, մեկ՝ ժողովրդական: Հասկանում ես, որ մարդիկ փնտրտուքի մեջ են, դեռ իրենք իրենց չեն գտել»:
Այնուամենայնիվ, ԴերՀովան, ով տարիներ առաջ Հայաստան է եկել Կանադայից, երկիրը լքելու կամ այլ երկրի շոու-բիզնեսում հաստատվելու մասին չի էլ մտածում. «Տասնվեց տարի է՝ Հայաստանում եմ, միտք չունեմ գնալու, թեեւ արտասահմանյան երգիչների ու հեղինակների հետ ունեմ բազմաթիվ համագործակցություններ»,-շեշտեց նա:
Երգահան-գործիքավորողը տեղեկացրեց, որ այս պահին համագործակցում է Սեւակ Ամրոյանի, Արփիի հետ. նրանք պատրաստում են նոր ալբոմներ թողարկել: ԴերՀովան աշխատում է նաեւ Սոնա Ռուբենյանի եւ Կիպրոսից երգիչ Հովիգի հետ:
Աննա Բաբաջանյան