ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՃԻԳԵՐՆ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունիսի 30-ին անցկացնելու է իր հերթական ժողովը, որի ժամանակ նախատեսված է նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Հայաստանյան սպորտում սա կարեւոր իրադարձություն է, եթե մի կողմից հաշվի առնենք ֆուտբոլի մասսայականությունը, մյուս կողմից էլ` վերջին տարիներին հայկական ֆուտբոլում իրար հաջորդած ձախողումները, որոնք շատերը վերագրում են հենց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` պարբերաբար բարձրացնելով նաեւ նրա հրաժարականի հարցը: ԵՒ հետո, հիշեցնենք` 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ինքն էր հայտարարել, թե 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում նշանակում է չստանալ 1/16-րդ ուղեգիր: Եվ մեր հավաքականը ոչ միայն այդ ուղեգիրը չնվաճեց, այլ հետագայում եւս ձախողումների շարք ունեցավ, որից հետո շատերն էին հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը:

«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ, ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը:
Հայրապետյանի հրաժարականի հարցն օրերս բարձրաձայնել էին նաեւ ֆուտբոլասերները Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ: «Նեմեց Ռուբոյի ժամանակը երբ է գալու» հարցին ի պատասխան` Փաշինյանը նշել էր. «ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, եւ ինչքան տեղյակ եմ, առաջիկայում լինելու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Հույս ունեմ՝ տեղի կունենա այնպիսի ընտրություն, որը կլինի ՀՖՖ անդամների ու երկրպագուների սրտով: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին»:
Սրանով Փաշինյանը հստակ հասկացրեց, որ նոր Հայաստանում ուղղակի չեն կարող լինել ընտրություններ, որոնք հասարակության սրտով չլինեն: Սակայն, հատկանշական է փաստը, որ Ռուբեն Հայրապետյանին ընտրելու են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ ֆուտբոլային աշխարհը: Այնպես որ չի բացառվում, այնուամենայնիվ, ֆեդերացիայի նախագահի ընտրությունները երկրպագուների սրտով չլինեն: Ի վերջո, Ռուբեն Հայրապետյանը վաղուց է սկսել նախապատրաստվել առաջիկա ընտրություններին: Մասնավորապես, Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել այն ակումբներին եւ կազմակերպություններին, որոնք կարող են իրեն դեմ քվեարկել: Արդեն իսկ կոմիտեն քննարկել է ՀՖՖ-ի անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի, «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» եւ «Շիրակ» ակումբի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում:
Եվ այս ակումբների փոխարեն Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամ դարձնել միանգամից 12 նոր կազմակերպությունների՝ 1) «Գյումրու Ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, 2) «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ, 3) «Վ. Սարգսյանի անվ. Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ, 4) «ՖԱ Արարատ» ՀՁ ՓԲԸ, 5) «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, 6) «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստներ համերաշխություն» ՀԿ, 7) «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ, 8) «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ, 9) «ՖԱ Արցախ» ՀԿ, 10) «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ, 11) «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ», 12) «Զվարթնոց ՖԱ»: Միաժամանակ որոշվել էր նաեւ կասեցնել «Շիրակի» անդամությունը եւ այդ հարցը եւս ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգ։
Նշենք, որ ՀՖՖ-ի անդամ ակումբները իրավունք ունեն մասնակցելու նախագահի ընտրություններին: Ավելին` յուրաքանչյուր ակումբ ունի 3 ձայնի իրավունք: Եվ ստացվում է, որ այս ակումբներին ՀՖՖ անդամությունից զրկելով` միտում է առկա հնարավորություն ստեղծել Ռուբեն Հայրապետյանին կրկին դառնալու ֆեդերացիայի նախագահ: Իսկ այդ թիմերը, որոնք հեռացվել են, իսկապես կարող էին մասնակցել ընտրություններին եւ դեմ քվեարկել: Եվ հիմա նոր թիմեր ներգրավելով` ակնհայտ է, որ Ռուբեն Հայրապետյանն ապահովում է իր համար կողմ ձայներ: Հավելենք, որ բացի ակումբներից, ընտրությանը մասնակցում են նաեւ ՀՖՖ Գործկոմի անդամները: Եվ եթե հաշվի առնենք, թե ովքեր են ՀՖՖ գործկոմի անդամները, ապա կարող ենք վստահ ասել, որ Հայրապետյանի վերարտադրությունն անխուսափելի է: Գործկոմի կազմում են ՀՀԿ ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը, որը մեղադրվում է խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ եւ այլք:
Մեկ փաստ էլ. առ այսօր Հայրապետյանը ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն է: Որեւէ այլ անձի առաջադրման մասին դեռ չի հայտարարվել: Ըստ այդմ` հետաքրքիր է` ինչ է սպասվում հունիսի 30-ին` ֆեդերացիայի նախագահի ընտրությունների ժամանակ:
Հ.Գ. Հավելենք, որ մինչեւ 2010 թվականը գործող կանոնադրության համաձայն` ՀՖՖ նախագահի պաշտոնը սահմանափակվում էր 4 ժամկետով՝ յուրաքանչյուրը 4 տարի տեւողությամբ: Սակայն այդ տարի տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ նոր կանոնադրություն ընդունվեց, ըստ որի ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետն այլեւս չի սահմանափակվում, իսկ դա բացատրվեց` ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի դրույթներին համապատասխանեցնելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻ ՈՐԴՈՒ ԲԻԶՆԵՍԸ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների թվում է նաեւ «Ալֆապրոջեքտ» ՍՊԸ-ն, որը մշտապես դարձել է տարբեր պետական կառույցների մեկ անձից գնումների հաղթող: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերություններից հիմնական գնում կատարողը ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունն է եղել: Եվ այս ընկերության միակ բաժնետերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, Վազգեն Հարությունյանն է` պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին: Սակայն պարզվում է` սա նրա միակ ընկերությունը չէ: Այդ ցանկում ներգրավված են «Էլմարկետ» եւ «Օնլայն կոմպյուտերս» ընկերությունները, որում նա եւս բաժնետեր է, եւ, որոնք կրկին գնումներում հաղթողներ են ճանաչվել: «Օնլայն կոմպյուտերս»-ը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2014թ.-ին: Այս ընկերության հետ պայմանագրեր են կնքել նաեւ ՄԻՊ-ը, Բնապահպանության նախարարությունը: «Օնլայն կոմպյուտերս»-ը, ընկերությունների գրանցման պետռեգիստրի համաձայն, հիմնադրել են Նարեկ Վարդանի Մարգարյանը եւ Վազգեն Հրաչյայի Հարությունյանը: Հիմնադիրներն ընկերության բաժնետոմսերը կիսում են համապատասխանաբար 34% եւ 66% տոկոսով: Իսկ «Էլմարկետ» ընկերության դեպքում էլ 80% բաժնետեր է Վազգեն Հարությունյանը:

 

 

ՀՆԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է սրբագրել նախորդի սխալները: Կառավարության երեկվա նիստում որոշվել է մեկ տարով հետաձգել դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն վերաբերում է բոլոր դեղերին ու դեղամիջոցներին՝ բացառությամբ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող, ինչպես նաեւ հակաբիոտիկ դեղերի, որոնց դեպքում դեղատոմսը, այնուամենայնիվ, պարտադիր է լինելու: Ի դեպ, տեսակետ էր շրջանառվում, որ դեղորայքը դեղատոմսերով վաճառելու օրենսդրական կարգավորման իրական նպատակը դեղատների խոշորացման գնալն էր, միաժամանակ, նրանց միջոցով ապահովագրական գործակալություններին հարստացնելը եւ բժիշկների գործն ու եկամուտը ավելացնելը: Ըստ որոշ լուրերի` առողջապահության նախկին նախարար Ալթունյանը (իր պաշտոնավարման օրոք այս որոշումը ընդունվեց) այս հարցում, ինչպես նաեւ ապահովագրական ոլորտում, անձնական շահագրգռություն ուներ, քանի որ համարվում է Վարդանանց ԲԿ-ի սեփականատեր: Չէ՞ որ այս ԲԿ-ն մատուցում է նաեւ պոլիկլինիկայի ծառայություն, իսկ այս որոշման արդյունքում պոլիկլինիկայի բժիշկները ակամայից դառնում են պահանջված, որովհետեւ օրինական անվճար դեղատոմս գրելու իրավասություն պոլիկլինիկական ծառայություններին է վերապահված:

 

 

ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խոստանում է ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին, քանի որ երկրում տեսնում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսեւորումներ, ինչը, ըստ նրա, լուրջ փաստարկ է, որպեսզի այսուհետ դադարի բարձրաձայնել այս խնդիրը եւ ջանքերը կենտրոնացնի այլ կարեւոր ուղղություններով: Այդ մասին դեսպանը հայտարարել է «Ազատություն» ռ/կ եթերում: «Մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ դրա բոլոր դրսեւորումներով, եւ որ պակաս կարեւոր չէ, նոր կառավարությունը ցանկանում է դա իրականացնել` օրենքի տառին համապատասխան, գործող օրենսդրության շրջանակներում եւ լիակատար թափանցիկության պայմաններում: Եվ ես կարծում եմ, որ մեզ համար՝ Եվրոպական միության համար, սա ոգեւորիչ է, եւ մենք պատրաստ ենք, եթե դրա կարիքը կա, առաջարկել հնարավոր առավելագույնը մեր փորձի, գիտելիքների եւ տեխնիկական փորձագիտական կարողությունների առումով»,- ընդգծել է նա:

 

 

ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունն ու խմբակցությունը: «Երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Ես` որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որ չխոչընդոտեն հանքի աշխատանքներին: Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները որեւէ կերպ չեն համաձայնել առաջարկվող պահանջներին: Որպեսզի հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության եւ խմբակցության անդամ լինելուց»,-հայտարարել է նա:

 

 

ՎԵՃ ԱԺ-ՈՒՄ
Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Խանումյանի ելույթը դուր չի եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Վերջինս ԱԺ նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հ. Խանումյանի հասցեին եւ Խանումյանի կողմից նույնաբովանդակ պատասխաններ ստացել: Ավելի ուշ Գալստյանն armtimes-ի հետ զրույցում ասել է. «Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում: Այսինքն` սեռական բնույթի ո՞նց: Չեմ պատկերացնում: Վիրավորական խոսքեր ասել եմ, բայց չեմ հիշում՝ ինչ: Մանավանդ, բարբառով եմ ասել»:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Մեսրոպ Պապիկյանը նշանակվել են վարչապետի խորհրդականներ:




Լրահոս