ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Հունիսի 12-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին, հայտնել էր, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է:

Ի դեպ, մինչ թավշյա հեղափոխությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադարձություններին», ՀՔԾ-ի կողմից կցվեց քրեական գործին:
Ավելին` դեպքերի մասով ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր. «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքննությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտությունների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի գործով իրականացվող լայնածավալ աշխատանքների, ինչպես նաեւ մտավախությունների մասին զրուցեց ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ:
-Պարո՛ն Միրզոյան, ինչպես նկատում եք, մարտի 1-ի գործով այս օրերին լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Որպես ՀՔԾ նախկին պետ` ի՞նչն էր խանգարում Ձեզ դեռեւս 10 տարի առաջ այս աղմկահարույց սպանությունների գործը բացահայտել:
-Իսկ ի՞նչն է խանգարում՝ մեր պետության ստեղծման օրից բազմաթիվ հանցագործություններ կան ծանր, որ չեն բացահայտվել:
-Դուք` որպես ՀՔԾ պետ, այս հարցին առավել լավ կարող եք պատասխանել:
-Չէ, գիտեք, ինչո՞ւ եք ասում մարտի 1-ի չբացահայտումը, երբ մենք ունենք սպանություններ չբացահայտված:
-Դուք` որպես ՀՔԾ պետ, այս հարցին առավել լավ կարող եք պատասխանել, ի՞նչն էր խանգարում բացահայտել:
-Որ կարողանային, կբացահայտեին էլի երեւի:
-Այսինքն` նախաքննությունը իրականացնող մարմինը` ի դեմս ՀՔԾ-ի, կարող էր բացահայտել, բայց թույլ չէի՞ն տալիս բացահայտել:
-Ես չեմ հանդիպել ինչ-որ մեկի թույլ չտալուն, անձամբ ես չեմ հանդիպել: Մենք քննչական խմբի ղեկավար ունեինք, հարցրեք` հանդիպե՞լ է: Այդ հարցը կարելի է ուղղել նոր քննչականի պետին, թող աշխատեն, բացահայտեն, հասկանան, թե ինչն է խանգարում, եթե խանգարող բան է եղել:
-Նոր պետը կբացահայտի, կոնկրետ Ձեզ խանգարե՞լ են բացահայտել գործը:
-Ինձ ոչինչ չի խանգարել, չեմ տեսել խանգարող ինչ-որ հանգամանք:
-Խոսք գնաց նորանշանակ պետի կողմից հնարավոր բացահայտումների մասին, Դուք` որպես ՀՔԾ նախկին պետ, մտավախություն չունե՞ք հայտնվելու ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում, օրինակ՝ աղմկահարույց սպանությունը կոծկելու համար:
-Ծիծաղելու հարց եք տալիս, իհարկե ո՛չ, ես ուրախ կլինեմ, ընդհակառակը, կօժանդակեմ, եթե, իհարկե, կարիքը կա:
-Երբեմն գործի ողջ էությանը տիրապետելով` Ձեզ` որպես ՀՔԾ նախկին պետի, հարց տվե՞լ եք` ո՞վ էր այս ամենի պատասխանատուն` Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, ի վերջո, իրավիճակ է փոխվել:
-Այնքան լավ է, որ իրավիճակ է փոխվել, Ես շատ ուրախ եմ, որ փոխվել է, երեւի ամենաուրախ մարդկանցից մեկը ես եմ, որ իրավիճակ է փոխվել, եւ ուրախ կլինեմ, որ նոր քննչականի պետը կարողանա խմբեր ստեղծել, կազմակերպել, քննություն իրականացնել եւ բացահայտել, ես էլ կասեմ` ինչ լավ է, ու կուրախանամ, ու մենք էլ կիմանանք իրական պատկերը, եթե նման բան կա:
-Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն` Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը:
-Ո՞նց ասեմ, ասեմ` դու ես պատասխանատուն, նա է, նա է: Պետք է մի բան ապացուցես, որ նոր կարողանաս ինչ-որ բան ասել: Այնքան բացահայտ ճշմարտություններ կան, բայց դա չի նշանակում, որ դա է ճիշտը, պետք է ապացուցվի չէ՞: Ես չեմ կարծում, որ կա մեկը, որ շահագրգռված չէր, ես նկատի ունեմ քննչական ծառայության աշխատողները, բոլորն էլ, անձամբ Վահագն Հարությունյանը ղեկավարում էր խումբը, շատ պարտաճանաչ, գիշեր-ցերեկ աշխատում էր: Ես շատ կուզենայի, որ կարողանային բացահայտել, պատրաստ եմ անվճար գնամ, նստեմ այնտեղ, աշխատեմ այդ գործով, ինչի՞ մասին է խոսքը: Եւս մեկ անգամ կրկնում եմ` ինձ համար խանգարող հանգամանք չի եղել, մեզ չեն ասել, օրինակ՝ ո՞վ պետք է ասեր` մի՛ բացահայտեք, հա՞:
-Այո՛, օրինակ՝ Սերժ Սարգսյանը ասեր կամ Ռոբերտ Քոչարյանը:
-Ձեր կարծիքով՝ Ձեր ասած մարդիկ ինձ պետք է զանգահարեին ու ասեին մի՛ բացահայտեք, հա՞
-Ինչո՞ւ, հնարավո՞ր չէ:
-Ի սեր Աստծո, չկա այդպիսի բան:
-Դուք` որպես ՀՔԾ նախկին պետ, «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը ինչո՞ւ չէինք կցել քրեական գործին, խնդիր կա՞ր, որ 10 տարի անց նոր որոշում են զեկույցը միացնել քրեական գործին:
-Ես չգիտեմ, ինչ-որ ասում եք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀԵՏԱՔՆՆԻՉԸ` ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի շուրջ կրքերը լարված են: Հունիսի 25-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, հիմք ընդունելով կառավարման խորհրդի 2018թ. հունիսի 12-ի նիստի արձանագրությունը, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը «Դեբեդավանի միջնակագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Մարինե Հարությունյանին: Վերջինս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 6 չկայացած մրցույթներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների 5 ձայնով հաղթող է ճանաչվել: Սակայն մարզպետի նշված որոշումից հետո Դեբեդավանի դպրոցի փոխտնօրեն, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Գեւորգյանը հրաժարվել է դպրոցի կնիքը հանձնել Մ.Հարությունյանին: Բանը հասել է նրան, որ հունիսի 27-ին մարզպետ Վ. Ղալումյանը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի ղեկավար աշխատակիցներ Մ. Հարությունյանը եւ Լ. Գեւորգյանը: Մարզպետը նշել է, որ պետք է Դեբեդավանի դպրոցում աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կատարել օրենքով սահմանված բոլոր գործառույթները: Մարինե Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ հունիսի 27-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննիչը ժամանել է Դեբեդավանի դպրոց, հետաքննություն սկսել դպրոցի մի խումբ աշխատակիցների դիմումի հիման վրա: Այդ աշխատակիցները մարզպետարան են բողոքել, որ Մ. Հարությունյանը դպրոցում անօրինական կերպով աշխատանքի է տեղավորել իր բազում հարազատներին: Նախկինում Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժինը դիմել է Տավուշի դատախազություն, որպեսզի քննություն կատարվի այն փաստի կապակցությամբ, որ այս տարվա մարտի 17-ին Դեբեդավանի դպրոցում վառելափայտ չլինելու պատճառով դասեր չեն կայացել, սակայն դպրոցի 8 ուսուցիչ այդ օրը դասամատյաններում աշակերտներին կեղծ գնահատականներ են նշանակել: Մ. Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ այդ կապակցությամբ դատախազության գործողությունների մասին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կառլեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի եւ ազգական Մարտին Հովհաննիսյանը 2014թ. հուլիսի 28-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում` աշխատանքային օրերին, շուրջ 259 օր բացակայել է ՀՀ-ից ու չի ներկայացել աշխատանքի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով` անտեսել է նշված հանգամանքը, եւ չաշխատած օրերի համար փոխանցվել է 740 հազար 631 ՀՀ դրամ գումարի աշխատավարձը: Ասել է թե` նա այդ կերպ վատնել է համայնքային միջոցները եւ հիմա հայտնվել մեղադրյալի աթոռին:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի` Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: «Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների, կրում է շարունակական բնույթ` բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության եւ կանխատեսելիության վրա: Հայկական կողմը հետեւողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի եւ ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը եւ խաղաղությանը»,-ասել է Բալայանը:

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼ
Կառավարությունը, երեկվա նիստում հավանություն չի տվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ենթադրող «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով գործատուին հնարավորություն է տրվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա ժամկետը լրանալը, եթե վերջինս առանց հարգելի պատճառի չի կատարել իր պարտականությունները: Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա նշել է, որ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար. «Այս հարցը քննարկվել է սոցիալական կոմիտեի նիստում, եւ ընդհանուր կարծիք է եղել, որ այլ ձեւակերպմամբ այս կարգավորումը կա»:

 

 

ՎԱՉՈՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է ապօրինի հարստանալու, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:




Լրահոս