Գաղտնիք չէ, որ գնումների գործընթացում մշտապես հաղթող են դարձել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ առնչվող ընկերությունները: Օրեր առաջ մի այդպիսի սխեմայի մասին ներկայացրել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` ներկայացնելով 69 կազմակերպության անուն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից մեկը «Աբովյանի Հացի Գործարան» ՍՊԸ-ն է: Ըստ պետական ռեգիստրի տվյալների` այս ընկերության բաժնետերերից է Շամամ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի քույրն է:
Իհարկե այս ցանկում չէր կարող տեղ չգտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Հայտնի է, որ այս ընկերությունը հիմնական ներգրավված է ավտոճաապարհների հիմնանորոգման աշխատանքներում: Այս ցանկում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն: Ցանկում են նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» Բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն եւ այլն: