Ինչպես հայտնի է, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Գաբրիելյանին ազատեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Նկատենք, սակայն, Գարեգին Գաբրիելյանը, որ հայտնի է Գել մականունով, այնքան էլ պատահական մարդ չէ. նա այս տարիներին ոչ միայն տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այլ նաեւ համարվում է Սերժ Սարգսյանի ընկերը, ում շնորհիվ էլ կարիերայում այդպիսի աճ է ունեցել:
Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները` պարզեցինք, որ Գաբրիելյանը տարբեր տարիների զորամասի հրամանատար է եղել: 2008 թվականին նշանակվել է Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, այդ պաշտոնից ազատվել 2012 թվականին, իսկ արդեն երկու տարի անց` 2014 թվականին, նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Այսինքն` նա եղել է ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, եւ հետո նրան փոխարինել է Լյովա Երանոյանը:
Գաբրիելյանի աշխատանքից ազատման պատճառները բավականին խորն են եւ կապված են նաեւ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ:
Բանն այն է, որ նրա հեռացումից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Գաբրիելյանն իր ենթակաների հետ զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել ինչ-որ որսորդական խանութի կամ վրացիներին: Այդ ժամանակ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում այսպես էր մեկնաբանել. «Գարիկ Գաբրիելյանը գործակատար չի, որ զենք վաճառի, որոշակի թերություններ կան աշխատանքի մեջ եւ մեր ստուգման արդյունքներում ի հայտ են եկել, որոնք պարզաբանվում են: Ուղղակի տեսչական ու նյութատեխնիկական բազայի ստուգում է եղել: Պարզապես հարցեր են առաջացել, որոնց պատասխանները մենք պետք է ստանանք ծառայողական քննության կամ քրեական գործի շրջանակում»: Չնայած այս ամենին` կատարվածն իրավական որեւէ հետեւանքներ չունեցավ:
Իսկ ինչո՞ւ Գարեգին Գաբրիելյանն ազատվեց աշխատանքից, եւ ինչպես է բացահայտվել այդ գործը:
Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի մի շարք ուժայիններ փսփսում էին, որ Գարիկ Գաբրիելյանը տարաբնույթ գործարքների մեջ է, սակայն փաստեր չկային: Երբ ոստիկանությունը սկսել է համատեղ գործել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, արդեն կարողացել է բացահայտել գործը: Մասնավորապես, Գաբրիելյանի ենթականերից մեկը գնացել եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին բոլոր մանրամասներով զեկուցել է, թե ինչ է կատարվում ոստիկանության զորքերում:
Ըստ լուրերի` երբ ոստիկանության զորքերի հրամանատար Գաբրիելյանն իմացել է, որ պաշտպանության նախարարությանը որոշակի քանակով զենք-զինամթերք եւ տեխնիկա է պետք, որոշել է բանակը տեխնիկայով համալրելուն զուգահեռ նաեւ գումար աշխատել: Եվ նա իր ենթակաների միջոցով կապվել է Երեւանի որսորդական խանութներից մեկի հետ եւ որոշակի քանակությամբ զինամթերք եւ տեխնիկա վաճառել նրանց: Իսկ երբ ՊՆ-ն ներկայացրել է իրեն անհրաժեշտ զինատեսակների պահանջ` պատրաստակամություն հայտնելով գնել դրանք ՈԶ-ից, Գարիկ Գաբրիելյանը նրանց, գուցե ոչ անձամբ, պատասխանել է, թե որսորդական խանութներից մեկն իրենցից գնել է պահանջված «ապրանքը»: Այսինքն` Գաբրիելյանը մատնացույց է արել իր վաճառած զենքերը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկնակի գնով մասնավոր ՍՊԸ-ից գնի դրանք: Ըստ տեղեկությունների՝ գեներալ-լեյտենանտ Գարիկ Գաբրիելյանի «թեթեւ ձեռքով» խոտանվել եւ վաճառվել է ներքին զորքերին պատկանող տասնյակից ավելի զրահատեխնիկա (մետաղի ջարդոնի տեսքով) եւ շուրջ 100-ից ավելի ավտոտեխնիկա: Այս պատմության բացահայտումից հետո էլ Վլադիմիր Գասպարյանն ազատել էր նրան աշխատանքից, սակայն երկու տարի անց նա պաշտոն էր ստացել արդեն Սերժ Սարգսյանի կողմից: Այսինքն` Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել է, Սարգսյանը` նոր պաշտոն տվել:
Սակայն սա նրա անվան հետ կապվող միակ պատմությունը չէ: 2014 թվականին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել էր Նոր Նորքի զինվորական կոմիսար գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը։ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է։
Եվ ահա ստացվում է, որ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատեց, Սերժ Սարգսյանը հետ բերեց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ նրան առհասարակ հեռացրեց համակարգից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
Թեեւ մի քանի օր է անցել Լոռու նոր մարզպետի ու փոխմարզպետի նշանակումից, բայց արդեն նրանց հարաբերությունները հասցրել են փչանալ: 3 օր աշխատանքային խնդիրները հազիվ հաղթահարած փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե իր իրավասության ներքո չի տրվել առողջապահության համակարգը, մինչդեռ ինքն այդ ոլորտից է: «Առողջապահության համակարգի մարդ ունենալ եւ վերահսկումը չվստահել, անտրամաբանական է: Իմ այդ հարցին, թե ինչու առողջապահությունը ինձ չի տրամադրվել, ընդամենը հղում արվեց օրենքին»,- ասաց նա` հավելելով, որ նաեւ ահազանգեր է ստացել բուժհաստատություններից:
Ըստ այդմ` Ղուկասյանի խոսքերով` մարզպետը առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանի հետ Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենին խնդրել են դուրս գալ եւ առանձնազրույց են ունեցել բուժանձնակազմի հետ: Տնօրենին փորձել են ճնշել, որ նա հրաժարական ներկայացնի, եւ տեղը նշանակվի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսան` Ահարոն Մարգարյանը:
Նա նշեց, որ ահազանգը դեռեւս պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, եւ արժե, որ դրանով իրավապահներն զբաղվեն, քանի որ պաշտոնական դիրքի չարաշահում կա: «Նախկինում էլ այդ բուժհաստատության եւ Ասատրյանի հետ կապված մի միջադեպ էլ է եղել հիվանդանոցին պատկանող սարքավորումը վաճառելու համար, գնորդին գտել է Վ. Ասատրյանը: Բացի այդ, ճնշումներ կան մյուս բուժհիմնարկներում, եւ կոնկրետ անուններ են հնչում, նույնատիպ կասկածներ կան` դպրոցի տնօրենների հետ կապված: Խորհրդակցությունների ընթացքում ԶԼՄ-ներին դուրս են հրավիրում եւ գաղտնի բան զրուցում: Դպրոցի տնօրեններն ու բուժհաստատության ղեկավարները իրավապահ մարմիններ չեն, որ գաղտնի, օպերատիվ տվյալներ հաղորդեն: Ի՞նչ գաղտնի զրույց ունի մարզպետը նման օղակների հետ : Ենթադրելի է, որ կուսակցական հարցեր պետք է քննարկի: Ես ենթադրում եմ, բարձրաձայնում եմ հարցը, բայց դուք մարզպետից ճշտեք: Մենք եկել ենք, որ կանխենք այս խնդիրները: Պարոն Մարգարյանին կոչ եմ անում, որ այս գործելաոճը դադարեցնի եւ գա կոնստրուկտիվ դաշտ, անձնավորված չէ»:
Ըստ Ղուկասյանի` մարզպետարանի կրթության վարչության ծրագրերի նորանշանակ համակարգող Դավիթ Հակոբյանն էլ իր հերթին է թույլ տալիս պաշտոնական դիրքի չարաշահում: «Նա աշխատում է կրթության վարչության պետի աշխատասենյակում այն դեպքում, երբ օրենքով սենյակը պետք է տրամադրվի պաշտոնակատար տեղակալին: Նա ամեն տեղ ուղեկցում է մարզպետին»,- ասաց նա:
Ղուկասյանը դեռեւս չի խոսել մարզպետի հետ նշված ահազանգերի մասին, ասում է` չի ստացվում այդ թեմայով խոսել. «Այս 3 օրերում մարզպետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անգամ չեմ տեղեկացվում, որդեգրվել է մեզ լուսանցքից դուրս թոնելու գործընթացը»:
Արդյոք այս համատարած ԲՀԿ-ականացումը չի կանխորոշի ապագա ընտրությունների ելքը, եւ արդյոք այդ հանդիպումները նախընտրկան գործընթացներ չի կարելի համարել հարցին պատասխանեց. «Մարզպետը պետք է որոշի` մարզպետ աշխատի, թե զբաղվի կուսակցական հարցերով, երկուսը միասին չի լինի: Բնականաբար, դա արվում է ընտրություններին պատրաստվելու համար, եւ այդ գործելաոճը գալիս է տասնամյակներից: Հեղափոխությունն արվել է, որ կանխվեն նման երեւույթները, եւ եթե միայն անուններն են փոխվելու եւ հին գործելաոճն է մնալու, ապա ժողովրդի հաղթանակը շատ արագ կարող ենք մսխել եւ ոչ մի հաջողության չհասնենք»:
Եւ քանի որ նշված թեմաների շուրջ մարզպետի հետ խոսակցությունը չի ստացվում, նա ընտրել էր լրագրողների միջոցով խնդիրները բարձրաձայնելու տարբերակը:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Լոռի
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 42 դպրոցներից 2-ն ավագ են, մյուսները` հիմնական: Այս տարածաշրջանի դպրոցներում խնդիրները հիմնականում նույնն են` մասնագետների պակասը եւ դպրոցից համայնք ճանապարհը հաղթահարելը:
Թումանյանը բարդ լեռնային գոտում է գտնվում, ե՛ւ բնակիչներն են տեղափոխվում, ե՛ւ ուսուցիչներն են խուսափում ապրել քաղաքից խիստ տարբերվող պայմաններում: «Ինչո՞ւ պետք է պարտադրված բազմակոնպլեկտ դասարաններ ունենանք, դպրոցը ֆինանսապես ի վիճակի է այդ դասարանները առանձին պահել: Այդպիսի դասարաններում ուսուցումը չի տալիս այն որակը, որն այսօր անհրաժեշտ է: Փոքր դպրոցները խիստ տուժում են, ծնողը ճիշտ է համարում իր երեխային մի քանի կմ ավել տանել, որ առանձին դասարանում սովորի: Թերծանրաբեռնված դասարաններում ուսուցիչը չի ստանա նույն գումարը, բայց հավատացեք, որ մեր ուսուցիչները պատրաստ են աշխատել անգամ աշխատավարձի 50 տոկոսով» ,-ասում է Նեղոցի դպրոցի տնօրեն Արեւիկ Սոսինյանը: Նույն խնդրին է անդրադառնում Ախթալայի թիվ 1 դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը` ընդգծելով, որ հակասություն կա ֆինանսի եւ գործի մեջ. «Ի՞նչ է նշանակում խնայողություն, պետությունը դպրոցին ֆինանսավորում է ամենանվազագույն սահմանով, որ ապահովի նվազագույն կրթական չափորոշիչը: Եթե այստեղ էլ դպրոցը խնայողություն է անում, ուրեմն հանցագործություն է անում»:
«Երբ դպրոցը չունի համակարգչային սենյակ, համակարգիչ, շենքային մինիմալ պայման: Այս պայմաններում տնօրենը գլուխը որ պատին խփի, որ կարողանա ծրագիր բերել: Պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին»,- ասում է Շամլուղի դպրոցի տնօրեն Սերինե Սոսինյանը` ընդգծելով նպաստավոր պայմաններ ունենալու կարեւորությունը: Լ. Ճիճակյանը պնդում է, որ գյուղերում բազմաթիվ մասնագետների պակաս կա. «Միակ մասնագետը, ով համարձակվել է գալ այդ տարածաշրջանում աշխատել, մտածում է, թե միակն է, եւ աշխատում է, ինչպես որ ցանկանում է: Ու քանի դեռ այդ մարդը չի գիտակցում, որ իր հետեւում կանգնած է մի բանակ, որ կարող է իր տեղում աշխատել, նա պատասխանատու ձեւով չի աշխատի» : Լորուտը Մոտկոր աշխարհի «մայրաքաղաքն» է: Այստեղ են դպրոցն ավարտում Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների երեխաները: Ոտքով գնալը ժամանակատար եւ վտանգավոր է, իսկ մեքենայի համար միջոցներ են պետք: Լորուտի հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ, անդրադառնալով մասնագետների պակասին, նշեց, թե տարիներով 2 ամիսը մեկ 5000 դրամ ծախսվում է հայտարարության համար, բայց մասնագետ չի գալիս: Վանաձորի պետական համալսարանում ունենք անվճար տեղեր, եթե պետությունը հոգում է նրա ծախսը, նրանք էլ պետք է պարտավորվածություն ունենան: Պետությունը պիտի տեր կանգնի իր տված գումարին եւ նման ուսանողներին գործուղի մասնագետի կարիք ունեցող դպրոցներ:
Ն. ԴԱՎԹՅԱՆ
Լոռի