Ինչ ունեցվածք տարավ իր հետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատված պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար եւ 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ:

Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Միրզոյանն ունի մեկ բնակարան: Նրա տիկնոջ` Հասմիկ Բադալյանի դրամական միջոցները ավելին են` 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո եւ 250 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ պաշտոնյայի կինը հայտարարգրել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը` 2 հազար դոլարի չափով, եւ ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը:

Թե ինչպես է հաջողացրել Արմեն Միրզոյանը այսքան դրամական միջոց կուտակել, բնականաբար, պաշտոնական հայտարարագրում ոչինչ չկա նշված: Բայց Արմեն Միրզոյանի կենսագրական տվյալներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ նա, դեռեւս 2003 թվականից սկսած, պետական պաշտոն է զբաղեցրել, եւ այդ պաշտոններն էլ հավանաբար օգնել են հարստանալու: Նա այդ տարում սկսել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչից, 2006-2007 թվականներին եղել է Չարենցավանի, իսկ 2007-2009-ին` Դավիթաշենի տարածքային հարկային տեսչության պետը:

Միրզոյանը պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետից անցում է կատարել դեպի ֆինանսների, ապա արդարադատության նախարարություններ: Նա եղել է նաեւ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետը, իսկ ահա 2016 թվականի նոյեմբերից` ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը:

Հ.Գ. Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով Միրզոյանն ազատվել է աշխատանքից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս