Ընկերները Երեւանում քչացել են. դա արհավիրք է. Ավո Խալաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Մենք զրուցել ենք նրա էությունը բացահայտող ամենատարբեր թեմաներից եւ ստացել ինքնատիպ պատասխաններ:

-Ավո, եթե հավատաք ռեինկարնացիային, ի՞նչ կամ ո՞վ կցանկանաք լինել հաջորդ կյանքում:

-Ես կենդանիներ եմ շատ սիրում, ուստի կցանկանայի բարձր ճախրող ուժեղ մի թռչուն լինել:

– Ձեր բնավորության ո՞ր գիծն է միշտ փրկել:

-Ազնվությունը: Դա, կարելի է ասել, կյանքի կրեդո է, ոչ բնավորության գիծ:

-Մարդուն լավ ապրելու համար հարկավոր է…

-Ազատություն:

-Կոնֆլիկտի դեպքում սիրելիից հեռանալ` տեսարաններ սարքելո՞վ, թե՞ լուռ:

-Լուռ տեսարաններով (ծիծաղում է):

-Չեք ուզում հիշել Ձեր կյանքի այն փուլը, երբ…

-Նույնիսկ ամենաբարդ փուլերն էլ հաճույքով եմ հիշում: Օրինակ՝ մանկությանս տարիներին բավական դժվարություններ եմ տեսել, 1990-ականներին մի ամբողջ սերունդ է ապրել այդ ամենը, բայց ես, միեւնույն է, ուզում եմ հիշել եւ նույնիսկ ետ բերել առանց խաղալիքի, բայց երանելի մանկությունս:

-Ձեզ կարող է նեղացնել միայն նա…

-Ումից նման բան չեմ սպասում:

-Ումի՞ց կամ ինչի՞ց կախվածություն ունեք:

-Կյանքից, առավոտից, մարդկանցից, ապրելուց:

-Ամառային հանգստի Ձեր նախընտրելի տարբերա՞կը:

-Երբեմն սիրում եմ միայնակ հանգստանալ, բայց եթե, օրինակ, ծովափին եմ, նախընտրում եմ լինել ընտանիքիս, ընկերներիս հետ: Թերեւս պասիվ հանգստի սիրահար եմ, բայց չեմ հիշում, թե վերջին շրջանում երբ եմ միայնակ մեկնել հանգստի, որպեսզի կարողանամ լիարժեք թոթափել հոգնությունս: Իսկ եթե, ասենք, երեխաների հետ ես, պասիվ հանգստի մասին պետք է մոռանալ:

-Ձեր ամենամեծ հաջողությունն ի՞նչն եք համարում:

-Նման ընտանիք ունենալը:

-Շարունակեք միտքը. «Ամբողջ կյանքն էլ չի բավականացնի…»:

-Սիրելու համար: Սա կարող է օրիգինալ չհնչել, բայց ոնց պտտվես, այդ եզրահանգման ես գալու: Մարդ միշտ ուզում է, որ իր սիրտը թրթռա:

-Ֆիլմ, որը ոգեշնչել է Ձեզ:

-Դրանք շատ են: Ի դեպ, ասեմ, որ վերջին շրջանում «Օսկարի» արժանացած մի շարք ֆիլմեր չեմ հավանել, փոխարենը ինձ հաճախ գրավում են ոչ մի մրցանակի չարժանացած ժապավենները: Ինչ վերաբերում է ոգեշնչելուն, պատանի հասակում դիտել եմ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որը, կարծում եմ, շատ ազդեցիկ է եւ տպավորիչ: Ծնողներիս հետ մեկնել էինք Ֆիոլետովո հանգստի, եւ հիշում եմ, որ այնտեղ եմ այն դիտել առաջին անգամ:

-Ձեր ներաշխարհն ի՞նչ գույն ունի:

-Գունապնակս բավական բազմերանգ է, ըստ տրամադրության` գույները փոխվում են՝ սեւից մինչեւ վառ երանգներ:

-Ո՞րն է աշխարհի ամենալավ տեղը:

-Երեւանը: Վերջին 10-12 տարում շատ եմ շրջագայել, բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց ոչ մի երկիր ինձ այնքան չի գրավել, որքան իմ հայրենիքը: Ոչ մի երկիր ինձ չի գամել այնպես, ինչպես Հայաստանը: Երեւանի հետ ոչ մի քաղաք չեմ համեմատի: Երբ Երեւանից երկար ժամանակով բացակայում եմ, դեպրեսիայի մեջ եմ ընկնում:

-Ապտակ, որ այդպես էլ չեք մարսել:

-Ամեն ինչ էլ մարսվում է, եթե կյանքիդ կարգախոսը ճիշտ ես ընտրում: Ամենակարեւորն այն է, որ հիշաչար չեմ, իսկ ապտակիկներ, փոքրիկ դավաճանություններ, իհարկե, եղել են:

-Ընկերը նա է, ով…

-Ընկերն ամեն ինչ է: Երեւանում սարսափելի է ապրել առանց ընկերների: Երբ աշխատանքից գալիս ես տուն, ժամանակ ես անցկացնում ընտանիքիդ անդամների հետ եւ հանկարծ օդ ու ջրի պես զգում ես ընկերների կարիք, բայց ընկերները Երեւանում քչացել են. դա արհավիրք է:

-Ավարտեք միտքը՝ «Մարդիկ լույս աշխարհ են գալիս, որպեսզի…»

-Որպեսզի աշխարհի լույսը պահեն եկող սերնդի համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս