
Եվրամիությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և առաջիկա 4 տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 3-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփիչ քննարկմանը:
«Եվրոպական միությունը կհատկացնի 160 մլն եվրո առաջիկա 4 տարիների համար: Մենք պատրաստ ենք աջակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում մանր և միջին ձեռնարկատիրությանը, բիզնես մթնոլորտի բարելավմանը, արդյունավետ էներգետիկայում ներդրումների ավելացմանը, և այդ ցանկը կարելի է շարունակել»,- ասել է Մոգերինին:
Հիշեցնենք, հուլիսի 4-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի ժամանակ Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հաստատմանը և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: