Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ համայնքի միջոցները վատնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործով պարզվել է, որ 2005 թվականից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Կ.Հովհաննիսյանը, ով օժտված է եղել կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է՝ իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, արձակել կարգադրություններ, նշանակել և ազատել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովել համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը։

Նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի և ազգական Մ.Հովհաննիսյանը 2014թ. հուլիսի 28-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերին՝ շուրջ 259 օր, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից ու չի ներկայացել աշխատանքի, պատշաճ քայլեր չի ձեռնարկել։ Փոխարենը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ անտեսել է նշված հանգամանքը, և չաշխատած օրերի համար Մ.Հովհաննիսյանին փոխանցվել է նշված ժամանակահատվածի աշխատավարձը՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պատճառված վնասն ամբողջությամբ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս