6-րդ վարչության նախկին պետը մարտի 1-ի դեպքերի մասին ՀՔԾ-ին պատմելու բան չունի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ: Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ պետը նշել է, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւիցե տվյալ հայտնել Մարտի 1-ի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարտի 1-ի գործի բացահայտման մասին խոսել 2008թ. այդ օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց հետ:

Աշոտ Գիզիրյան, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ (6-րդ վարչություն) նախկին պետ (2002-2008թթ.)

-Պարո՛ն Գիզիրյան, Մարտի 1-ի գործով Դուք կանչվե՞լ եք հարցաքննության:

-Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության, չհասկացա:

-Դուք 6-րդ վարչությունն էիք ղեկավարում:

-Անիմաստ հարցեր մի՛ տվեք: Ես երկրում չեմ:

-ՀՔԾ-ին տվյալներ չունե՞ք փոխանցելու:

-Ոչ, չունեմ: Եթե Դուք ունեք` փոխանցեք:

-Իսկ ո՞վ է հրահանգ տվել, թե՞ Դուք ինքներդ եք որոշումներ կայացրել 2008-ի մարտի 1-ին:

Այս հարցից հետո Աշոտ Գիզիրյանն անջատեց հեռախոսը: Եվս մեկ անգամ զանգահարեցինք:

-Պարո՛ն Գիզիրյան, Դուք եղել եք 6-րդ վարչության պետը…

-Այո՛, ես բոլոր հարցերին կպատասխանեմ, երբ ինձ ինչ-որ հարց տան համապատասխան մարմինները:

-Այսինքն` հարցաքննության գնալու խնդիր չե՞ք տեսնում:

-Ես չեմ կարծում, որ ինձ կկանչեն:

-Իսկ Դուք Հայաստան գալո՞ւ եք:

-Ես Հայաստանում եմ:

-Քիչ առաջ ասում էիք, որ երկրում չեք:

-Ես ասել եմ` Հայաստանում չե՞մ:

-Այո:

-Դե, ուրեմն շփոթմունք է եղել:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս