Երկրապահ կամավորական միության շուրջ կրքերը կրկին բորբոքվել են: Երեկ ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ ակտիվի նիստ:
Վարչության փոխնախագահները վարչության նախագահի պաշտոնում ներկայացրին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր թեկնածությունը: Արամ Սարգսյանը եւս մասնակցել է երեկվա նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը նշեց, թե Արամ Սարգսյանի թեկնածությանը ներկաներից ոչ ոք դեմ չի եղել, եւ այն ընդունվել է միաձայն: Միեւնույն ժամանակ Ղուկաս Ուլիխանյանը չթաքցրեց, որ այն ազատամարտիկների թվում, ովքեր ԵԿՄ անդամ չեն եւ ակտիվացել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո, կան նաեւ այնպիսինները, ովքեր դեմ են թե՛ ԵԿՄ-ի նախագահ ունենալու հանգամանքին, թե՛ Արամ Սարգսյանի թեկնածությանը:
Նշենք, որ խոսքն առաջին հերթին «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Սեւ հովազ» խմբի մասին է: Բանն այն է, որ Գրիգորյանի ձերբակալությունից հետո «Ազատամարտիկների դաշինքի» անդամները` Գագիկ Մելքոնյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ, փորձեցին իրենց ձեռքը վերցնել ԵԿՄ-ն: Նրանք մասնավորապես դեմ էին, որ ԵԿՄ-ն ունենա նախագահ, եւ ցանկանում էին վարչությունով այն ղեկավարել եւ հենց իրենք էլ լինեն այդ կազմում: Սակայն հենց ԵԿՄ-ում այդ ամենին դեմ են եղել եւ հատկապես Գագիկ Մելքոնյանին:
Եվ հիմա այս իրավիճակը կրկին հանգեցնում է նրան, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակտիվացած ազատամարտիկները կրկին սառեցնելու են համագործակցությունը ԵԿՄ-ի հետ: Մասնավորապես «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք դեմ չեն, սակայն նշեց, թե ԵԿՄ-ն գոնե մեկ տարի չպետք է նախագահությամբ գործի: «Մենք ժամանակավորապես կսառեցնենք համագործակցությունը: Առաջիկայում կորոշենք՝ համագործակցե՞նք, թե՞ ոչ։ Իսկ Արամ Սարգսյանի հետ կապված ասեմ, որ մենք դեմ չենք, նա այն մարդն է, որի շուրջը Երկրապահը կարող է համախմբվել» – նշեց նա։
«Սեւ Հովազ»-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, թե ինքը կողմ է ԵԿՄ-ն վարչությունով ղեկավարելուն, այլ ոչ թե անձով: «Իրենք ցանկացան նույն ստրուկտուրան պահել, դա արդեն իրենց խնդիրն է: Հաստատ չենք համագործակցի, մենք ուրիշ ձեւ էինք ուզում: Խնդիրն Արամ Սարգսյանի մեջ չէ, նրան հարգում եմ, բայց ընդհանրապես նա ԵԿՄ-ի հետ ինչ կապ ունի: Նրան հարգում ենք որպես Սպարապետի եղբայր», – նշեց նա:
Հավելենք, որ սեպտեմբերին ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի, որի ժամանակ էլ կընտրվեն նոր վարչություն, փոխնախագահներ եւ նախագահ:
Նաիրա Հովհաննիսյան