Նոր մանրամասներ Բարսեղ Բեգլարյանի գործից. ով ում է թալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին հուլիսի 4-ին մեղադրանք է առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար: Բանն այն է, որ 2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար, ինչ էլ նա արել է:

«Ժողովուրդ» օրաթերթին այս հափշտակությունից մանրամասներ են հայտնի դարձել այս գործի շրջանակներում: Մասնավորապես Կոնստանտին Կոստանյանը, որը 2014-2015թթ. ընթացքում աշխատել է «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես կորպորատիվ հաճախորդների մենեջեր եւ հանդիսանալով նյութական պատասխանատու անձ` ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 65 միլիոն 617 հազար 500 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:

Դատարանը Կոստանյանի մասով կայացրել է վճիռ եւ նրան ազատազրկման է դատապարտել 5 տարի ժամկետով: Բացի Կոստանյանից` Միշա Վարդանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր` ընկերությունից հափշտակել էր 46 միլիոն 794 հազար 452 դրամ ավտոպահեստամասեր: Վարդանյանի գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Ասել է, թե այս անձինք են թալանել Բեգլարյանին, իսկ նա ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ է բռնություն կիրառել, որ հետ վերադարձնի հափշտակված փողերը:




Լրահոս