Նախորդ իշխանություններն էլ են բացահայտումներ արել, չարաշահումներ հայտնաբերել, բայց շոուներ չեն սարքել. Ժիրայր Դադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հակված չեմ կարծելու, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվել: Ես մնում եմ իմ նախկին տեսակետին: Դեռ չեմ կարող ասել՝ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունը կրկին կառուցված է մեկ անձի շուրջ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ ինքը միշտ երազել է, որ Հայաստանն իսկապես լինի պառլամենտական երկիր. «Երբ եղավ սահմանադրական փոփոխություն, ես շատ ուրախ էի, որ մենք վերջապես կպրծնենք անհատներից, վերջապես իշխանությունը անձով, կինոյի տղերքով չենք պայմանավորի, որ կգան պառլամենտական ուժեր: Մենք նորմալ երիտասարդություն ունենք, որը կարող էր ձեւավորել քաղաքական ուժ, հուսով էի, որ այդ փայլուն երիտասարդությունը կմտնի ու կվերցնի պառլամենտում մեծամասնություն, եւ մենք նորմալ, մոդեռն երկիր կկառուցենք, ու չի լինի ամբիցիոզ մեկը, որը կասի՝ չէ, ես եմ լինելու, ուրիշ ոչ ոք: Բայց դա տեղի չունեցավ»,-մեկնաբանեց պարոն Դադասյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին՝ թատրոնի ղեկավարը խորհուրդ տվեց ստուգել՝ արդյո՞ք դրանց ֆոնին սերիալների վարկանիշը չի ընկել. «ԱԱԾ-ի բացահայտումները սերիալային ժանրով են արվում: Սերիալներ սկսել են քիչ նայել, թատրոն քիչ են հաճախում, որովհետեւ դա էլ ըստ էության թատրոն է, ականջահաճո թատրոն: Մարդը տրամադրված է որոշ մարդկանց մասին ինչ-որ բաներ լսել, որովհետեւ տարիներ շարունակ խոսվել է այդ մարդկանց մասին: Հիմա պետք է կերակրել հանրությանը»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ երկրի կառավարումը ֆունդամենտալ, իրավական հիմքերի վրա դրված չէ: Իսկ այն պնդումներին, որ մեր երկրում տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ եւ բացահայտումներ, թատրոնի ղեկավարը պատասխանեց. «Նախորդ իշխանություններն էլ են բացահայտումներ արել, չարաշահումներ հայտնաբերել, բայց շոուներ չեն սարքել: Նախորդ իշխանության օրոք էլ Մատենադարան է կառուցվել, Կոմիտասի թանգարան… Բանն այն է, որ ես կոնցեպտուալ փոփոխություններ չեմ տեսնում, մի անձը ինչ որոշի՝ մյուսները նրա սրնգի տակ պարում են»:

Ժ. Դադասյանն այն կարծիքին է, որ մենք ապրում ենք սարսափելի իրականության մեջ, որի պայմաններում երկրորդ կարծիք պարզապես չեն լսում. «Մեկը այլ կարծիք է ասում, թիրախավորված թռչում են երեսին: Հեղաշրջման ամեն փորձի ժամանակ էլ հասարակությանը տանում են այլ կարծիք չլսելու ճանապարհով»,-ասաց նա:

Մնջախաղի թատրոնի ղեկավարը պատրաստ է հավատալ նոր իշխանությանը, բայց միայն մի պարագայում. «Ես 20 տարի պայքարել եմ նախորդ իշխանության դեմ միայնակ, ոչ ոք իմ կողքին չի եղել: Իմ թատրոնով աշխատել եմ անհավասար պայմաններում, ստեղծել եմ որակյալ պրոդուկտ: Այս մասին ես հանգիստ եմ ասում: Ստեղծել եմ այնպիսի թատրոն, որն այսօր աշխարհի տարբեր երկրներից ստանում է հրավերներ, այդ երկրների հաշվին գնում ենք փառատոների, մշակույթի նախարարությանը չենք էլ անհանգստացնում: Եվ սա այն թատրոնն է, որը միջանցքներում աշխատելով` հասել է այս օրվան: Միայնակ պայքարել է, որ պետական թատրոնին շենք հատկացվի: Եվ կարծես թե եկել-հասել էինք այն կետին, որ պետք է շենք ունենայինք, ու մեկ էլ ամեն ինչ կանգնեց: Երբ ներկայիս իշխանությունն առանց ինձ հարցնելու, տեսնելով մեր կատարած աշխատանքի ծավալը, ժանրային առանձնահատկություն ունեցող թատրոնի արածը, կկառուցի այդ շենքը, ու մեզ կհրավիրի, որ գնանք, այնտեղ աշխատենք, այդ ժամանակ կհավատամ, որ ժողովրդական իշխանություն է եկել»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին, խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած շարժման մասին, Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը. թավշյա հեղափոխության անվան տակ իր շահերն է առաջ տանում… Արդեն որերորդ անգամ իրեն շատ հատուկ մանիպուլյացիաներով, իր քաղաքական նպատակներին հասնելու համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելով` իր իսկ համար միավորներ է հավաքում: Իհարկե, ժողովրդի շատ մեծ զանգված կա, որ դժգոհություններ ունի, ու Նիկոլ Փաշինյանը, այդ առիթն օգտագործելով, օգտվում է»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս