«Ստուգեք և տեսեք, թե մեր միլիոնները որտեղից են». Գորիսի երիտասարդ քաղաքապետը կմիանա՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ  առաջ հայտնի դարձավ, որ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել Կապանի քաղաքապետի պաշտոնից: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և եղել էր նաև Կապան քաղաքում, որտեղ նաև միջադեպ էր գրանցվել, երբ Հայրապետյանի ելույթի ժամանակ ներկաները սուլել էին: ArmLur.am-ը զրուցեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ` պարզելու համար արդյոք կհետևի՞ իր գործընկերոջ օրինակին:

-Պարո’ն Առուշանյան, Նիկոլ Փաշինյանի այցից հետո ինչպիսի՞ տպավորություն ունեք, ինչպիսի՞ աշխատանքային մթնոլորտ է: 

-Շատ դրական զրույց եղավ, շատ ջերմ ընդունեց: Տարբեր հարցերի շուրջ քննարկեցինք և սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում կտանք: Շատ դրական էր:

-Քիչ առաջ Կապանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին, որը եղավ հենց վարչապետի այցից հետո: Դուք նման մտադրություն ունե՞ք:

-Ես չգիտեմ` Կապանի համայնքապետը ինչու է հրաժարական տվել: Համենայնդեպս, մեր ժողովրդի հետ հանդիպմանը տեսաք, թե ինչպիսի ջերմ մթնոլորտ էր, ամբոխը ինչ դրական գնահատակ էր տալիս համայնքապետի, համայնքապետարանի աշխատանքին: Կարծում եմ` եթե նայել եք, պետք է, որ այդ հարցը չտայիք:

-Այսինքն, Դուք հրաժարական տալու մտադրություն չունե՞ք:

-Ոչ, իհարկե ոչ:

-Իսկ հնարավո՞ր է անդամակցեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

-Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում ես վարչապետի` մինչև հիմա կատարած աշխատանքները շատ դրական եմ գնահատում, շատ նորմալ է ամեն ինչ: Հուսով եմ` ժողովրդի կյանքի որակն արագ կփոխվի:

-Երեկ վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձե՞լ եք այդ հարցին:

-Ոչ: Աշխատանքային հանդիպում է եղել, ժողովրդի կյանքի որակը փոխելու մասին ենք ընդհանրապես խոսել:

-Առանձին հանդիպում չի՞ եղել:

-Ոչ: Սակայն ընդգծեմ` իմ կուսակցությունը հայ լինելն է: Ես հայ եմ, ծառայում եմ իմ ժողովրդին, ձգտում եմ մարկանց կյանքի որակը փոխել:

-Պարո’ն Առուշանյան, շատ համայնքներում ստուգումներ են ընթանում: Չե՞ք անհանգստանում, որ բացահայտումներ կլինեն:

-Մեզ մոտ ստուգումներ չկան:  Ձեզ կխնդրեի գալ Գորիս, դուք տեսնեք` իմ անձնական, ընտանեկան միջոցներից ինչքան գումարներ եմ ներդնում համայնքի վրա, և կարծում եմ` այդ հարցն այլեւս ինձ չեք տա: Դուք այդքան ռեֆորմներ եք տեսնում, Գորիսի բյուջեն ընդամենը 821 մլն դրամ է, ո՞նց եք պատկերացնում համայնքապետն այդքան ռեֆորմներ կազմակերպի:

-Վերջին օրերին բացահայտումներն իրար են հաջորդում…

-Մեկ անգամ ասել եմ,  ևս մեկ անգամ կրկնեմ` իմ ընտանիքում որևիցե մարդ երբևէ պետական ապարատում չի աշխատել, որևէ պաշտոն չի զբաղեցրել: Եթե ուզում եք իմանալ, թե իմ և իմ ընտանիքի գումարները որտեղից են, խնդրեմ` հորդորեք թող գնան խոշոր հարկատու հանդիսացող «Առանցք» ընկերություն և ստուգեն: Ստուգեք և տեսեք, թե մեր միլիոնները որտեղից են, որտեղից ենք այդքան միլիոններ ներդնում համայնքը շենացնելու վրա: Ես մեկ տարվա մեջ այնքան գումար եմ դրել, որ Գորիսի բյուջեում այդքան գումար չի եղել:

-Այսինքն, անհանգստանալու խնդիր չունե՞ք:

-Ես պատասխանում եմ, թե որտեղից են այդ գումարները, որտեղից եմ ներդնում և հորդորում եմ, որ գնան այդ ընկերություն, ստուգեն և տեսնեն:

-Ամեն դեպքում Դուք համայնքի ղեկավար ընտրվեցիք Վահե Հակոբյանի մարզպետ լինելու ժամանակ, և հենց նա էր համարվում Ձեր հովանավորը: Այժմ միայնակ եք մնացել, չե՞ք անհանգստանում:

-Ինձ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 7 հազար մարդ է վստահության քվե տվել, դրանից հետո էլ համայնքապետի ընտրությունների ժամանակ էլ 13 հազար մարդ է ինձ ձայն տվել: Եվ այդպիսի հովանավորչություններ իմ կյանքում առհասարակ չեն եղել և չեն էլ կարող լինել, իսկ Վահե Հակոբյանը իմ շատ մտերիմ ընկերն է:

-Առանց ընկերոջ միայնակ չե՞ք մնացել:

-Մենք այսօր էլ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Բազմաթիվ ծրագրեր ունենք, որ իրար հետ արել ենք ու մինչև հիմա էլ անում ենք: Մենակ մնալու խնդիր առհասարակ չկա: Այդպիսի բան գոյություն չունի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս