Հուլիսի 6-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
Ողջունելով հյուրին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՊՀ դերակատարությունն անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում և շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը բոլոր ուղղություններով։
Սերգեյ Լեբեդևը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններում և գոհունակություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցիչների հետ ավանդական ակտիվ համագործակցության առնչությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԱՊՀ գործադիր քարտուղարը մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում մշակութային համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում ընդգծելով Գորիսը որպես ԱՊՀ 2018թ․ մշակութային մայրաքաղաք հայտարարելը։
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկեցին ԱՊՀ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։
Նախարար Մնացականյանը ԱՊՀ գործադիր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։