ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր դիմակավորված, անհայտ անձինք ներխուժել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք, վնասել կենդանիներին :
Shamshyan.com կայքին դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:
Կարճ ժամանակ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը եւ հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:
Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները:
Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի եւ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառների եւ ոչխարների:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 52-ամյա Անդրանիկ Դ.-ին: Պարզվել է, որ նա ավազակային հարձակումը կատարել է 48-մյա Արտավազդ Ղ.-ի, 49-ամյա Ներսես Խ.-ի, 39-ամյա Գարի Ա.-ի եւ 44-ամյա Արթուր Մ.-ի հետ:
Արտավազդ Ղ.-ն եւ Ներսես Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել քննչական բաժին: Գարի Ա.-ին եւ Արթուր Մ-ին որոնում են: