Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին որոշել է Կարեն Ադամյանին ազատել Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: 2014թ. հուլիսի 26-ից Տավուշի մարզպետի տեղակալ աշխատած Կ. Ադամյանը Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Ավետիք Ադամյանի, այդ անտառտնտեսության 2 անտառապետերի, բնապահպանության նախարարության մի քանի պաշտոնատարների վերաբերյալ քրեական գործով դատաքննություն:
Վարչապետ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշումներ է ընդունել Վարդան Ալեքսանյանին եւ Կարեն Խուդավերդյանին Տավուշի մարզպետի տեղակալներ նշանակելու մասին: Վ. Ալեքսանյանը ՀՅԴ անդամ է, 2016թ. մարտից է զբաղեցնում Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնը: 48-ամյա Կ. Խուդավերդյանը ծնվել է 1970թ. սահմանամերձ Բերքաբեր գյուղում, ծառայել խորհրդային բանակում, ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը, որպես ինժեներ աշխատել է Իջեւանի գազի ձեռնարկությունում:
1995-2000թթ. աշխատել է «Իջեւանյան գորգեր» ընկերությունում` պաշտոնավարելով հերթափոխի պետից մինչեւ արտադրության ղեկավար: 2000թ. աշխատանքի է անցել ՀՀ զինված ուժերում, եղել է ջոկի, ապա վաշտի հրամանատար, այնուհետեւ ավտոմոբիլային ծառայության պետ: 2008թ. կապիտանի զինվորական կոչումով արձակվել է ԶՈՒ պահեստազոր: Կ. Խուդավերդյանի կենսագրությունում 2008-2018թթ. գործունեության մասին ոչինչ նշված չէ: Նա չի նշել` կուսակցակա՞ն է, թե՞ անկուսակցական: Նրա լուսանկարները համացանցում զետեղված չեն: Անգամ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Խուդավերդյանի կենսագրությունը ներկայացված է առանց լուսանկարի: