«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հետ դատական համակարգում տիրող իրավիճակի դատական նիստերի ձգձգման, եւ, ի վերջո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ժամանակին մարտի 1-ի գործով կայացրած վճիռը վերաքննիչում անփոփոխ թողնելու՝ իր վճռի մասին:
-Պարո՛ն Ավետիսյան, ինչպես նկատում ենք` թավշյա հեղափոխությունից հետո դատարանները մեկը մյուսի հետեւից կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոց են կիրառում, ինչը մինչ թավշյա հեղափոխությունը մերժում էին, օրինակ, «Սասնա ծռեր», Ժիրայր Սէֆիլյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով:
-Բնականաբար ցանկացած փոփոխության, այն էլ այս աստիճանի, որ կրեց մասսայական բնույթ, չեն կարող այն առումով անտարբեր մնալ իրավաբանները, դատավորները: Այլ հարց է, որ ամեն մի փոփոխություն չէ` կյանքում կարող է փոփոխություն առաջացնել կոնկրետ գործով որոշում կայացնելուն: Ի վերջո, քրեական գործի հանգամանքները դրանցից չեն փոխվում, ողջունելի է, որ այն ստերիոտիպերը, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, միգուցե կաշկանդվածություն, համարձակությունը, ճիշտ ժամանակին կողմնորոշվելու եւ արդարացի որոշում կայացնելու, այստեղ մշտապես խնդիրներ եղել են, եւ դա բնական է, որ դատավորներն էլ սովորական մարդիկ են եւ ապրում են այն կյանքով, որը գոյություն ունի, այնպես որ, այս առումով տենդեցները դրական են:
Դուք խոսեցիք խափանման միջոցների հետ կապված… հաճախ մեզ քննադատում են եւ իրավացիորեն են քննադատում, որ քննիչների կողմից բերված միջնորդությունների շուրջ 95 տոկոսը բավարարվում են դատարանների կողմից: Կցանկանայի անդրադառնալ այս կարեւորագույն հարցին եւ առաջարկություններ անել, թե ելքն ինչպես եմ տեսնում:
Ցավոք, այսօր գործող օրենքի համաձայն` գրավը ոչ թե ինքնուրույն, այլ այլընտրանքային խափանման միջոցի տեսակ է, այսինքն` անձի նկատմամբ սկզբում պետք է կալանավորում ընտրվի, հետո նոր գրավ կիրառվի, դա բերում է նրան, որ դատավորները երբեմն ստիպված են կալանք ընտրում այն հաշվառմամբ, որ հետագայում պաշտպանության կողմը միջնորդություն կանի, ինչն արատավոր պրակտիկա է: Բացի այդ օրենքը` հստակություն չի մտցնում, թե վերջին հաշվով դատարաններն իրենց նախաձեռնությամբ կարո՞ղ են գրավ կիրառել, թե՞ ոչ: Առկա նորմերը վերլուծելով` նախաքննության ընթացքում դատավորը չի կարող գրավ կիրառել, պետք է պաշտպանության կողմը դիմի միջնորդությամբ, դա էլ լուրջ բացերից է:
Այսինքն` օրենքում պետք է մի շարք փոփոխություններ իրականացնել եւ այդ փոփոխությունների փաթեթը ես պատրաստել եւ ուղարկել եմ ե՛ւ Արդարադատության նախարարին, ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդին:
-Տպավորությունն այնպիսին է, որ բացը միայն օրենքի մեջ է, բայց շատ դեպքերում պատկերը այդպես չէ:
-Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ դատարաններն առանց բավարար հիմքերի խափանման միջոց են ընտրում կալանավորումը: Քիչ չեն դեպքերը, երբ ուսումնասիրում ես, տեսնում ես` երկու ամսով եկարացվել է կալանքը, սակայն այդպես էլ քննիչը չի տեսել մեղադրյալին:
-Կարող ենք ենթադրել, որ դատավորներն ու քննիչները ներքին պայմանավորվածություն ունեն առանց բավարար հիմքերի մարդու ամիսներով կալանքի տակ թողնել: Կարծես թե մեկը մյուսին լավություն են արել:
-Ես չէի ասի, որ համագործակցություն է եղել, միեւնույն ժամանակ չեմ կարող բացառել, բայց դատարաններն էլ այս հարցում անելիքներ ունեն:
-Դատարանները կոնկրետ քրեական գործերով նիստերն անց են կացնում ամիսը մեկ անգամ, հիմա էլ կան դատավորներ, որ գնում են արձակուրդ, եւ ՔԿՀ-ներում գտնվող անձինք պետք է երկու ամիս նստեն, սպասեն, որ դատավորները արձակուրդից գան եւ իրենց գործը քննեն: Սա մեծ աղմուկ է բարձրացրել կալանավորների հարազատների շրջանում:
-Շատ հրատապ հարց է, բերեմ մեկ օրինակ` Վճռաբեկ դատարանը վերջերս մեկ բողոք է ընդունել, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալի պաշտպանը միջնորդությամբ է դիմել, որ խափանման միջոցը կալանքը գրավով փոխարինվի, եւ դատավորը հաջորդ օրը պետք է մեկներ արձակուրդ եւ այդ պատճառաբանությամբ դատարանը այդ միջնորդությունը քննության չի առել, եւ ստացվել է, որ 35 օր այդ միջնորդությունը մնացել է անպատասխան: Հիմա այդ բողոքը ընդունել ենք վարույթ եւ իրավական դիրքորոշում կհայտնենք այդ խնդրի հետ կապված: Մեր դատավորները պետք է շատ զգույշ լինեն, դատավորը պետք է ամեն ինչ անի, որ քննության առնի, նոր մեկնի, հակառակ պարագայում մենք այս հարցով կարող ենք հետագայում լուրջ խնդիրների առաջ կանգնեք, եթե դատավարության մասնակիցները այս հարցով դիմեն Եվրոպական դատարան: Անընդունելի է, որ շաբաթներ շարունակ դատավորը գտնվի արձակուրդում, եւ այս կարգի միջնորդությունը, որ հարուցվել է, քննության առնված չլինի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան