Իրանցիները նախընտրում են բնակարան գնել Թբիլիսիում. ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին դրական տեղաշարժ է նկատվել. ոչ միայն գործարքներն են ավելացել, այլեւ գներն են բարձրացել: Ընդ որում, անշարժ գույքի գործարքներն աճել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են մի քանի վարչական շրջաններում: Ի դեպ, դրանք բարձրացել են ե՛ւ անցած տարվա մայիսի, ե՛ւ ապրիլի համեմատ: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու: Այլ հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով` նաեւ գները: Սակայն անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Այս փոփոխությունից շահում են ոչ միայն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքները, այլեւ շինարարության ոլորտն է ակտիվանում, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսության վրա:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` առաջին հորիզոնականում է Կենտրոն վարչական շրջանը, որտեղ բնակարանի մեկ քմ-ի գինը ապրիլին կազմել է 507 հազար 200 դրամ, իսկ մայիսին` 515 հազար դրամ: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում 7800 դրամով թանկացել է: Բայց անցած տարվա մայիսի համեմատ բնակարանի մեկ քմ բարձրացել է 65 հազար դրամով: Քաղաքի բանուկ թաղամասերից` Արաբկիրում եւս բնակարանները թանկացել են: Այստեղ մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 360 հազար 100 դրամով, իսկ մայիսին` 363 հազար 500 դրամով: Նոր Նորքի զանգվածում մայիսին բնակարանների գները պահպանել են ապրիլ ամսվա գները: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ը թանկացել է 300 դրամով` 273 հազար 700 դրամից դառնալով 274 հազար դրամ: Ի դեպ, բնակարանների գները թանկացել են նաեւ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արարատի մարզի Արտաշատում, Մասիսում, Վեդիում, Գեղարքունիքի Սեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ճամբարակում եւ այլ մարզային քաղաքներում: Օրինակ` Սյունիքի Գորիսում բնակարանի մեկ քմ բարձրացել է 5 հազար 150 դրամով:

Անշարժ գույքի գործակալ Վարոս Աբնուսյանի կարծիքով` բացի «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները` թավշյա հեղափոխությունը իր հերթին եւս մեծ դեր է խաղացել անշարժ գույքի շուկայում: Նրա խոսքերով` թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում են, որ դրսից ներդրումները կշատանան: Մասնագետից տեղեկացանք նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները: Գործարքների քանակն է հիմնականում ավելացել:
Մինչ հայաստանյան անշարժ գույքի շուկան կենդանության նշաններ է ցույց տալիս, այս ընթացքում իրանցիները ակտիվ սկսել են բնակարաններ ձեռք բերել հարեւան Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում:

«Ես ինքս իրանցիների հետ կոնտակտի մեջ եմ եւ տեղյակ եմ այդ երեւույթին: Այնտեղ ավելի շատ են իրենք բնակարան գնում, որովհետեւ պայմաններն ավելի ձեռնտու են իրենց համար: Մեզ մոտ շինարարությունը թանկ է, այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ նյութերը թանկ գնով են ձեռք բերում կառուցապատողները, դրա համար էլ բնակարանները բարձր գին ունեն: Իսկ Վրաստանում այդպես չէ: Բացի այս` վրացիները իրանցիների հետ ավելի կազմակերպված ու խելացի են աշխատում:

Ինչի արդյունքում իրանցիները իրենց ֆինանսական միջոցները ներդնում են Վրաստանի անշարժ գույքի շուկայում: Նաեւ կարեւոր գործոնը, որ իրանցիները սկսել են Վրաստանում բնակարան գնել. չէ՞ որ Վրաստանի քաղաքացիները առանց մուտքի անցագրի 90 օրով կարող են մտնել Շենգենյան գոտի: Իսկ Վրաստանում բնակարան ձեռք բերելու դեպքում հնարավոր է կեցության իրավունք կամ քաղաքացիություն ստանալ: Համաձայնեք, որ սրանք ավելի գրավիչ տարբերակներ են իրանցիների համար: Բայց մերոնք ունենալով բոլոր միջոցները` չեն աշխատում այս ուղղությամբ»,- նկատեց անշարժ գույքի գործակալ Վարոս Աբնուսյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս