«Նոր կառավարության հետ մեծ հույսեր եմ կապում, դրական եմ տրամադրված: Երբ տեսնում ես, որ չորս կողմդ ուրախություն է, անգամ վատ ապրողն է ուրախ, ինքդ չես կարող չուրախանալ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգային, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին:
Նրա խոսքով՝ միայն Հայաստանում չէ, որ նման տրամադրություն է տիրում, այլեւ սփյուռքում. «Վերջերս համերգներով Միացյալ Նահանգներում եւ Կանադայում էի եւ տեսա, թե դրսի հայերը որքան խանդավառված են այստեղի իրավիճակով: Ասում են, որ իրենք պատրաստակամ են վերադառնալ Հայաստան: Դա ինչպե՞ս կարող է մեզ չուրախացնել: Մեծ հույսեր ունենք, որ ամեն բան լավ է լինելու, որ արտագաղթի տեմպը կանգնելու է, եւ մեծ հոսք է գրանցվելու դեպի հայրենիք»,-ասաց երգիչը:
Նա շեշտեց՝ սփյուռքում օրը 24 ժամ հետեւում են, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Կարեւորն այն է, որ մարդիկ հույսը չկորցնեն, կարողանան վերադառնալ եւ իրենց հանապազօրյա հացը վաստակեն հայրենիքում: Իսկ վերադառնալ ցանկացողների թիվը, հավատացեք, փոքր չէ»,-նկատեց նա:
Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ Ռուբենի գործնական ծրագրերից: Նա տեղեկացրեց, որ ավարտել է 4-րդ ձայնասկավառակի աշխատանքները եւ այն շուտով կհանձնի հանդիսատեսի դատին. «Ալբոմում ընդգրկված է տասը երգ, կատարել եմ ազգային, հայրենասիրական հայտնի գործեր՝ «Արդյոք ովքե՞ր են», «Արծիվ, սլացիր», «Պատերազմ ենք գնում», մեր ֆիդայիններին նվիրված ստեղծագործություններ եւ այլն»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով նկարահանելու է տեսահոլովակ՝ 8-9 երգերի միքսերի հիման վրա՝ պոպուրի տարբերակով: «Աշխատել եմ` պահպանելով ազգայինի հենքը՝ նոր ռիթմերի շնորհիվ հետաքրքիր լինել նաեւ երիտասարդների համար»,-եզրափակեց Ռուբենը:
Նա հավելեց, որ առաջիկայում երկրպագուներին սպասվում են այլ անակնկալներ եւս, որոնց մասին նրանք շուտով կիմանան:
Անի Անտոնյան