ԱԻՆ-ում չարաշահումների գործով 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ ԱԱԾ-ում քննվող գործին, հայտնեց, որ կա ձերբակալված 2 նախկին պաշտոնատար անձ՝ փոխնախարար, նախարարության վարչության պետ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան

-Պարո՛ն Վանեցյան, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երեւան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Այս հրապարակումից հետո լռություն է տիրում, ի՞նչ փուլում է գործը:

-Քննություն է կատարվում, առաջիկայում կլինի:

-Ի՞նչ է սպասվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, արդյո՞ք այս ընթացքում խուզարկել են նրա բնակարանը կամ կանչել են հարցաքննության կամ հրապարակվեց, որ նրան կկալանավորեն:

-Քննությունը ցույց կտա:

-Այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ իրավապահ համակարգը գործիք է դառնում մի շարք մարդկանց ձեռքին: Բանն այն է, որ նախկին իշխանությունների հետ խնդիրներ ունեցած անձինք կամ, առհասարակ, տարբեր քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ մարդկանց հետ խնդիր են ունեցել, այսօր դիմում են ԱԱԾ կամ այլ իրավապահ մարմինների հաղորդում ներկայացնում նրանց դեմ, իսկ իրավապահները այս պարագայում կարծես թե գործիք են դառնում:

-Մեզ ոչ մեկ չի կարող օգտագործել, դա բացառվում է, կա օրենք, եթե մարդը խախտել է օրենքը, պատասխան է տալիս, եթե մարդը չի խախտել օրենքը, ապա որեւէ մեկը չի կարող ուղղորդի կամ օգտագործի:

-Ազգային անվտանգության ծառայությունը նախկինում ԱԱԾ-ի կողմից կարճված, կասեցված գործերի վերաբացման մասով հրահանգ ստացե՞լ է:

-Մենք հրահա՞նգ ստանանք:

-Այո:

-Ումի՞ց ստանանք:

-Իշխանությունները ասեն, որ վերաբացեք այդ գործերը եւ արդար, օբյեկտիվ քննություն իրականացրեք:

-Իշխանությունները մեզ հրահանգ չեն տալիս:

-Ենթադրենք` չեն տվել, նախկինում ԱԱԾ-ի կողմից քննված, կասեցված քրեական գործերով նոր քննություններ կատարվո՞ւմ են, վերաբացվե՞լ են այդ գործերը:

-Կուսումնասիրենք, եթե խախտումներ կլինեն, եթե խախտումներ են եղել, իհարկե, կվերաբացվեն, որեւէ կաշկանդվածություն չկա:

-Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների մասին բարձրաձայնվեց՝ տեղեկություններ կան, որ նախարարությունում հրդեհը մարելու փրփուրը վաճառվել է ավտոլվացման կետերին, նախարարության աշխատակիցներին հասանելիք զգեստները նրանց չեն տրվել անվճար, այլ վաճառվել են, ավելին` անգամ նախարարն էր խոսել չարաշահումների մասին, որի քննությունը հաձնվել էր ԱԱԾ-ին: Ի՞նչ է բացահայտել ԱԱԾ-ն:

-Այս գործով երկու անձ ձերբակալվել է:

-Կոնկրետ ինչի՞ համար:

-Յուրացումների:

-Ովքե՞ր են:

-Պաշտոնատար անձինք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձինք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն:

-Ի՞նչ են արել:

-Բյուջեից փողեր են գողացել, յուրացրել են:

-Այսինքն` նախարության նախկին պաշտոնատար անձինք բյուջեից գումարներ են յուրացրե՞լ:

-Այո՛, նախկինում` իրենց աշխատած ժամանակ, յուրացումներ են կատարել:

-Անուններ կտաք:

-Ո՛չ:

-Ինչո՞ւ:

-Նախաքննական գաղտնիք է:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս