Արմավիրի գյուղերից հափշտակվել են ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Արմավիրի մարզի 3 տարբեր գյուղերից ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերի հափշտակության դեպքերը, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Քրեական գործով կատարված բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Ղազարյանը, ով 2016 թվականից մինչ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Արմավիրի մարզի բնակչի հետ, 2017թ. նոյեմբերի 27-ին` ժամը 23:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ և բնակչի տան բակից գողացել ջերմոցի կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերը՝ թվով 500 հատ: Մի քանի օր անց՝ 2017թ. նոյեմբերի 30-ին, նույն անձինք՝ նշված «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղ, որտեղ երկու տարբեր գյուղացիների հողատարածքներից հափշտակել են ջերմոցների կառուցման համար նախատեսված՝ ընդհանուր առմամբ 1010 հատ մետաղյա ձող, իսկ 2017թ. դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արմավիրի մարզի Ապագա գյուղից հափշտակել են ընդհանուր առմամբ 1530 հատ մետաղյա ձող։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք գողացված ձողերը վաճառել են. գնորդների ինքնությունը պարզվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թ.Ղազարյանին և վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս