Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հայտնել է, որ նախկին նախագահին 2008թ. մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու ՀՔԾ ծանուցումը ստացվել է, նա պատրաստ է ներկայանալ եւ չունի որեւէ մտավախություն: Ավելին, Սողոմոնյանը պնդել է, թե Քոչարյանը մարտ 1-ին սահմանադրություն չի խախտել: Ինչեւէ մարտի 1-ի գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:
«Եղել է հայտնի 0038 հրամանագիրը, որը նույնպես Կոնգրեսն է հայթայթել եւ ներկայացրել փաստահավաք խմբին: Քանի որ այդ հրամանագիրը ստորագրել է այն ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, բնական է, որ ՀՔԾ-ն մեղադրանքը պետք է իր դեմ հարուցեր: Հասկանալի է, որ դրա ետեւում կանգնած են Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը: Ինձ համար որեւէ կասկած չկա, որ այդ հրամանը եւ կատարված մյուս միջոցառումներն ուղղակի սահմանադրության խախտում են: Որ այդ հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը, փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում խոստովանել է Միքայել Հարությունյանը: Նա ասել է՝ ինձ ինչու եք հարցնում սահմանադրականության մասին, հարցրեք գերագույն գլխավոր հրամանատարին», – նշել է նա:
Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում