Առաջիկայում Կոտայքի մարզի գյուղապետերի մեծ մասը հրաժարական են տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, տեղեկացնենք, որ հրաժարական ներկայացնելու է նաեւ նրա աշխատակազմի ղեկավարը` Լուսինե Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը օրեր առաջ այս գյուղապետարանում ստուգումներ է իրականացրել:

Մեր այն հարցին` արդյոք ստուգումներն են գյուղապետի հրաժարականի պատճառը դարձել, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Չեմ կարող նրա հրաժարականը կապել ստուգումների հետ: Խախտումներ որպես այդպիսին կան` ընթացակարգային, փաստաթղթային, որոնք սահմանված կարգով քննարկվել են: Ուղղակի նա 20 տարվա գյուղապետ է, եւ կարծում եմ` ինքը չի դիմացել մեր բարեփոխումների տեմպին եւ որոշել է ճանապարհ բացել երիտասարդների համար»:

Մարզպետի խոսքերով` չի բացառվում, որ առաջիկայում մարզի գյուղապետերի մեծ մասը, որոնք մեկ կամ մեկուկես տասնամյակից ավել ղեկավարում են, հրաժարական տան: Չէ որ նրանց ղեկավարած գյուղերում չկա մշակույթի տուն, ջեռուցվող մանկապարտեզ:




Լրահոս