Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության սցենարները. ինչ որոշման կգնա ՀՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտնեց իր հրաժարականի մասին: Ու հետաքրքրական է փաստը, որ հրաժարականի տեքստում որոշման պատճառների մասին ոչինչ նշված չէր, իսկ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն էլ քար լռություն էին պահում: Մասնավորապես երեկ ամբողջ օրը Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն անհասնալի էր, եւ հեռախոսը միացվեց միայն Մարգարյանի հրաժարականի տեքստի հրապարակումից հետո: Սակայն լրագրողների բոլոր փորձերը նրա հետ զրուցելու անցան ապարդյուն` «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է» ավանդական պատասխանով, եւ այդպես էլ շատ հարցեր անպատասխան մնացին:

Այնինչ` հրաժարականի տեքստում Մարգարյանն ընդամենը հայտնել էր պաշտոնական լիազորությունները վայր դնելու մասին, շնորհակալություն հայտնել համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ «Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»:

Համաձայնեք` իսկապես հետաքրքիր էր իմանալ քաղաքապետի հրաժարականի պատճառների մասին, նաեւ հետաքրքիր էր իմանալ՝ արդյո՞ք որեւէ մեկը հորդորել է իրեն գնալու նման քայլի, հրաժարականից առաջ արդյո՞ք հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել մտադրությունը, թե՞ ոչ:

Մեծ հաշվով Մարգարյանի հրաժարականը նորություն չէր. արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է այդ մասին: Միաժամանակ, պարբերաբար Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր էին անցկացվում քաղաքապետարանի մոտ: Բայց Մարգարյանը պնդում էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա, անգամ ի պաշտպանություն իրեն` իր կողմնակիցները ցույց անցկացրին: Բայց հետո հարուցվեցին քաղաքապետարանին ու վերջինիս կից ընկերություններին առնչվող տարբեր քրեական գործեր: Բացի այդ, հիշում եք, Տարոն Մարգարյանը չէր մասնակցել նաեւ ավագանու վերջին՝ հունիսի 28-ի նիստին, պաշտոնապես պատճառաբանվեց, թե առողջական վիճակը լավ չէ: Բայց շատերը համոզված էին, որ նա փաստացի վայր է դրել լիազորությունները, պարզապես չէր հրապարակայնացնում այդ փաստը: Սա հատկապես այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվեց Մարգարյանի ունեցվածքի մասին հետաքննական ֆիլմ, եւ հիմա այնտեղ ներկայացված փաստերով զբաղվում է ԱԱԾ-ն: Նախորդ երկուշաբթի էլ խոսվեց, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել: Բայց քաղաքապետարանից կրկին հերքել էին:

Ինչեւէ, երեկ` վաղ առավոտից, Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում իրարանցում էր տիրում: Նախ առավոտյան Տարոն Մարգարյանը հանդիպել էր աշխատակազմին, որից հետո իր մոտ էր կանչել նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին: Նա տարբեր հանդիպումներ է ունեցել բոլորի հետ, զրուցել, փորձել բացատրել հրաժարականի պատճառները, ինչպես նաեւ փորձել ներկայացնել հետագա անելիքները: Նախ նա ներկաներին ներկայացրել է իրավիճակը` ասելով, թե իր հրաժարականը շատ հարցերի միակ լուծումը կարող է լինել, ինչպես նաեւ ներկայացրել է, թե այս քայլով կապահովագրի աշխատակիցներին եւ թույլ չի տա վնասել նրանց:

Չնայած ավագանու հետագա գործունեության մասին այնքան էլ շատ բան չի խոսվել, սակայն Տարոն Մարգարյանը ներկաներին հորդորել է ավեի շատ տեղեկացված լինելու համար կապի մեջ լինել իր առաջի տեղակալ Կամո Արեյանի հետ: Սակայն դեռ վերջիններս էլ չգիտեն իրենց ճակատագրի եւ հետագա գործունեության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքապետի տեղակալները դեռ հրաժարական չեն տա մինչ հնարավոր արտահերթ ընտրությունները: Բանն այն է, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունների երկու սցենար է այժմ առկա. մեկ սցենարը ենթադրում է քաղաքապետ ընտրել ավագանու ներկայիս կազմից, իսկ մյուս սցենարով էլ անցկանցել ավագանու արտահերթ ընտրություններ, ունենալ նոր ավագանի եւ նոր քաղաքապետ: Հավելենք, որ այս սցենարի դեպքում ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն սեպտեմբերին, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրություններից ավելի շուտ:

Հավելենք, որ ՀՀԿ-ն այս պահին դեռեւս այնքան էլ հակված չէ իր թեկնածուն ներկայացնել, իսկ, օրինակ, ավագանու «Ելք» խմբակցությունում քննարկվում է Վիկտոր Ենգիբարյանի թեկնածությունը: Սակայն հաշվի առնելով, որ ավագանու ՀՀԿ խմբակցությունը մեծամասնություն է, ապա ամեն ինչ նրանց ձեռքում է: Եվ այսպես` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Ասել է, թե արտահերթ ընտրության օրը հայտնի կդառնա երեք օրվա ընթացքում, երբ ավագանին կհավաքվի եւ որոշում կկայացնի:

Սակայն օրենքը կարգավորումներ ունի նաեւ այն դեպքերում, երբ վերը նշված հոդվածների համաձայն` քաղաքապետ այդպես էլ չի ընտրվում: Այդ դեպքում կրճատվում են ավագանու լիազորությունները: «Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն կայանում, կամ եթե ավագանու նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»:

Ընդ որում, ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք էլ անցկացվում են ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Ասել է, թե եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավագանին չընտրի Երեւանի նոր քաղաքապետ, ապա Կառավարությունը իրավունք կստանա կրճատելու ավագանու լիազորությունների ժամկետը` նշանակելով արտահերթ ընտրություններ: Այս սցենարի իրագործման պայմաններում ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 20-ը պետք է անցկացվեն Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս