Մինչ լրագրողները սպասում են Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ասուլիսին եւ ամեն հնարավոր օղակ օգտագործում են գոնե ճեպազրույցի միջոցով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալ, Լոռու մարզպետարանում հունիսին կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով ասուլիս էր հրավիրել Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հանրապետությունում առկա փոփոխությունների հետ կապված հունիս ամսին աննախադեպ շատ՝ 410 դիմում է ստացվել, 100 քաղաքացի գրանցվել է մարզպետի հետ ընդունելության համար: Քաղծառայության աշխատակցի գործառույթն է պարզեցվել, սակայն մինչ օրս պարզ չէ, թե Լոռու մարզպետարանում ինչ հաստիքացուցակ է գործելու: Պարզվում է նախկին 150 հաստիքի փոխարեն նախորդ իշխանության կողմից կրճատումների արդյունքում դարձել են 138-ը: Ն. Սարգսյանը նշեց, որ նախկին կառավարության որոշումը սրբորեն իրականացրել է միայն Լոռու մարզպետարանը:
Նոր մարզպետի հետ Լոռու մարզպետարանում աշխատանքային վերադասավորումներ են գրանցվել: Ն. Սարգսյանից հետաքրքրվեցինք` որքանով են համապատասխանում տեղեկություններ իրականությանը, ըստ որոնց ՀՀԿ-ից հրաժարվում են աշխատանքը պահպանելու, պատասխանեց՝ եթե դուք նկատի ունեք առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանին, ապա նա անկուսակցական է բավականին երկար՝ 4-5 տարի, ժամանակին եղել է, բայց դուրս է եկել ԲՀԿ-ի շարքերից: Մյուսների մասին տեղեկություն չունեմ ավելի ճիշտ է հարցն ուղղել կուսակցության տարածքային գրասենյակին:
Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք ՀՀԿ-ից դուրս գալ հարցին ի պատասխան ասաց՝ անձնական հարցերի չեմ պատասխանում: Աշխատանքային ձեւաչափով պատասխանեց. «Հուլիսի 1-ից նշանակվել եմ գլխավոր քարտուղար եւ հանրային ծառայության եւ քաղաքացիական ծառայության մասին օրենքով իրավունք չունեմ լինել կուսակցական»:
-Ինչպե՞ս է պատահել, որ տարածքային սոցիալական ծառայությունների 3 պետերը ԲՀԿ-ական են, տեղեկացվա՞ծ եք եղել, թե Ձեզ հորդորել են նրանց ընտրել:
-Ընտրվել են ըստ պաշտոնի անձնագրի, գրագրության մեջ՝ մարզպետարանի աշխատակազմ մտած փաստաթղթերում կուսակցական պատկանելության մասին գրված չէ, միգուցե ինքնակենսագրության մեջ կարող է լինել, բայց մենք ընտրությունը կատարել ենք ոչ կուսակցական մոտիվներով: Միանշանակ այս մարդկանց աշխատանքային գործունեությունը համապատասխանում է պաշտոնի անձնագրին:
Լոռու մարզպետարանում կրճատվել են ամենշաբաթյա խորհրդակցությունները: Այսուհետ ԶԼՄ-ների համար դա կլինի երկշաբաթյա ռեժիմով: Սրանով թափանցիկության ցուցիչը չի՞ նվազում հարցին Ն. Սարգսյանը պատասխանեց, թե լինում են դեպքեր, երբ 1-2 հարցի համար բոլորին հավաքում են:
«Եթե ասելիք չկա, ի՞նչ կարիք կա: 2 շաբաթը շատ լավ ժամանակահատված է հավաքված խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Մնացած հարցերը փակ խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն, եւ արդեն ամփոփ տեղեկատվություն կտրամադրվի: Մեր կայքերում եւ էջերում յուրաքանչյուր ինֆորմացիա դրվում է, եւ վարչության պետերն էլ բաց ձեզ կտրամադրեն յուրաքանչյուր հարցի պատասխան»:
Նելլի Դավթյան